Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում ՀՀ Կառավարության և Լիդիան Արմենիա ընկերության միջև


, | Հրապարակվել է: 11:17 PM, March 19, 2019

IMG

Խոսրով Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում ՀՀ Կառավարության և Լիդիան Արմենիա ընկերության միջև, հավանաբար, արտադատարանական համաձայնության հասնելու խնդրում: Այն որ Ամուլսարի ներդրումային ծրագիրն Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին (և առ այսօր՝ միակ) խոշորագույն մասնավոր ներդրումն է (շուրջ 400 մլն ԱՄՆ $) և Լիդիան Արմենիայի հետ կապված ‹‹էպոպեան›› իր լուրջ ազդեցությունն է թողնելու օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում, որ այս տնտեսական վեճի արդյունքները յուրատեսակ լակմուսի թղթի դեր կխաղան ՀՀ իշխանություններ- ներդրողներ փոխհարաբերություններում, կարծես թե, այլևս որևէ մեկը չի վիճարկում: Բայց նույնիսկ այս պարագայում շատ կարևոր է թե իշխանություններն ինչպե՞ս դուրս կգան այս վեճից: Ընդ որում, ըստ իս, եթե նույնիսկ պարզվի, որ ՀՀ իշխանությունները իրենց հարցադրումներում միանգամայն ճիշտ են, ապա այդ պարագայում , անգամ, պոտենցիալ ներդրողների մոտ կմնան որոշ վերապահումներ (ներդրողների շրջապատում Լիդիան Արմենիայի սեփականատերերը իրենց գործունեությամբ տարիների ընթացքում , անկասկած, ձևավորել են խոշոր տնտեսական ծրագրեր հաջողությամբ իրականացնողի համարում, հետևաբար և վստահելի գործընկերոջ հեղինակություն, ինչն օբյեկտիվորեն չունի և չէր էլ կարող ունենալ ՀՀ իշխանությունը): Ուստի մեր իշխանությունների համար այս տնտեսական վեճում խնդիրը ոչ միայն հաղթելն է, այլ նաև (իսկ միգուցէ գլխավորապես) դրա հետ միասին իր ամենամեծ ներդրողի տնտեսական հեղինակությունն ու դեմքը պահպանելու հնարավորթյուն ստեղծելը, ինչը կնպաստի թե՛ հայաստանյան իշխանությունների վարկի բարձրացմանը և թե՛ նշյալ ներդրումային ծրագրի հետագա իրականացմանը՝ դրանից Հայաստանի տնտեսության համար բխող ուղղակի և անուղղակի դրական հետևանքներով: Իհարկե Կառավարությունն այս նպատակը պետք է հետապնդի առանց բնապահպանական հավելյալ վտանգներ ձևավորելու: Արդյո՞ք հնարավոր է գալ նման լուծումների, որոնք կբավարարեին շահագրգիռ բոլոր կողմերին: Կարծում եմ այո՛ և այդ լուծումը կարող է լինել հետևյալ մոտեցումը: ՀՀ Կառավարությունը ներդրողներին պետք է անի հետևյալ առաջարկը, եթե ըստ ձեզ Ամուլսարի նախագծով նախատեսված են բնապահպանական անվտանգությունը հիմնականում երաշխավորող բոլոր անհրաժեշտ միջոցառումները, բայց այդուհանդերձ կա թեկուզ 1 տոկոս վտանգի հավանականություն, որ հանքի շահագործման արդյունքում կարող են վտանգվել Սևանը և ստորգետնյա ջրային պաշարները (բնապահպանների ընդվզումը դրա ապացույցն է), ապա, հաշվի առնելով Հայաստանի համար այդ պաշարների ռազմավարական կարևորությունը, Կառավարությունը առաջարկում է ձեզ ուսումնասիրել լրացուցիչ մաքրման կայաններ նախագծելու և կառուցելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը և ներկայացնել այդ չծրագրավորված ներդրումները կատարելու դիմաց պետության կողմից ընկերությանը հավելյալ արտոնություններ տրամադրելու վերաբերյալ առաջարկ: Նման մոտեցումը տնտեսական վեճը կվերածեր տնտեսական բանակցությունների և, որն ավելի կարևոր է, կընդգծեր ՀՀ Կառավարության հոգատար վերաբերմունքն իր ներդրողի խնդիրների կամ հոգսերի նկատմամբ: Այդ առաջարկը ասօր էլ կարելի է անել, թեպետ հայկական կողմի համար շահեկան կլիներ այն հնչեցնել մինչ ԱՄՆ դեսպանատան վերը նշված նախաձեռնությունը: Համոզված եմ այս մոտեցումը հնարավորություն կտա պահպանել կողմերի թե՛ դեմքը, թե՛ հետաքրքրությունները և թե՛ կնպաստի այն կարծիքի ձևավորմանը, որ հայաստանյան իշխանություններն ունակ են ամենաբարդ հարցերում, անգամ, գտնել շահավետ կոմպրոմիսներ:Իշխանությունների նման իմիջը նաստավոր է ներդրողների շրջանում Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համարում ձևավորելու համար: Բայց ամենակարևորն այն է, որ այդ պարագայում մենք չենք կորցնի նոր ներդրողներ և ներդրումներ ներգրավելու մեր շանսերը, մի բան առանց որի, նույնիսկ ամենավառ երևակայության դեպքում, հնարավոր չի լինի պատկերացնել արտաքին սպառնալիքներին դիմագրավելու մեր տնտեսական կարողությունների զարգացումը: