Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մոսկվա. ի՞նչ հարցեր են քննարկվել, որ թաքցնելու անհրաժեշտություն է առաջացել


, | Հրապարակվել է: 10:13 AM, March 26, 2019

IMG

«Եվ այսպես, կարծես թե հստակեցվում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման վայրն ու ժամանակը՝ Վիեննա, 29-ը մարտի։ Թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ժամանակ, և ինչի շուրջ են բանակցելու կողմերը, չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ այդպիսի հանդիպում նախապատրաստվում է առնվազն ԱԳՆ ղեկավարների մակարդակով։

Օրեր առաջ տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույց, որի բովանդակության մասին ոչինչ չէր ասվում։

Պարզվում է, սակայն, որ հեռախոսազրույցից բացի՝ տեղի է ունեցել նաև Մնացականյանի այցը Մոսկվա, որի մասին տեղեկությունը թաքցվում է հանրությունից։ Ըստ «168 ժամի» հավաստի աղբյուրների՝ Մնացականյանի այցը տեղի է ունեցել մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում։

«168 Ժամը» այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով հարցում ուղարկեց ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ պարզաբանում խնդրելով այն մասին, թե Զոհրաբ Մնացականյանը մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում ի՞նչ նպատակով է բացակայել երկրից։ Մենք խնդրել էինք պարզաբանել՝ գործուղմա՞ն է եղել, թե՞ ոչ, ի՞նչ հանդիպումներ է ունեցել Զ. Մնացականյանը, և ինչո՞ւ այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածվել։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան՝ գրել է.

«Ի պատասխան հարցման՝ նշեմ, որ մարտի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գտնվել է Երևանում, մարտի 22-ին բացակայել է Երևանից: Այս իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։

Այս պատասխանը, ըստ էության, հաստատում է մեր տեղեկությունը, որ Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին գտնվել է Մոսկվայում։ Ի դեպ, ինքնաթիռում նրան ուղեկցել է ԱԳՆ աշխատակից, ով նախարարի հետ մեկնել է բիզնես դասով։

Այսպիսով, նախարարը մեկօրյա այց է ունեցել Մոսկվա, որտեղից վերադարձել է մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։ Ենթադրվում է, որ տեղի է ունեցել Լավրով-Մնացականյան հանդիպում՝ վերոնշյալ Ալիև-Փաշինյան հանդիպման նախաշեմին։ Ուրեմն ի՞նչ է նշանակում ԱԳՆ պատասխանը, թե «նախարարի՝ երկրից բացակայելու իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։

Եթե նախարարը գործուղման է, ապա նա գործուղման է մեկնել պետական բյուջեի հաշվին, հետևաբար՝ հարկատուներս իրավունք ունենք իմանալ, թե ո՞ւր և ի՞նչ նպատակով է մեկնել նախարարը։ Իսկ եթե գործուղման չի եղել և աշխատանքային օրով երկրից մեկնել է, նշանակում է՝ իր հաշվին արձակուրդ պետք է վերցրած լիներ։

Արձանագրենք, որ ԱԳՆ պատասխանն ավելի քան զարմանալի, եթե չասենք՝ տարօրինակ է, քանզի երկրից նախարարի բացակայելն այն դեպքում, երբ գործուղման մասին վարչապետի հրաման չկա, որովհետև Կառավարության կայքում այդ մասին որևէ հաղորդագրություն չկա, սովորական երևույթ չէ։ Այս պատասխանն ավելի շատ նոր հարցեր է առաջացնում, քան տալիս է նախկին հարցերի պատասխանը։

Օրենքի խախտմա՞մբ է նախարարը բացակայել երկրից, թե՞ այնուամենայնիվ, գործուղման է մեկնել Մոսկվա՝ իր պաշտոնակցի հետ հանդիպելու և Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար։ Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, թե հատկապես ի՞նչ հարց կամ հարցեր են քննարկվել Մոսկվայում, որոնք թաքցնելու անհրաժեշտություն է առաջացել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: