Հրատապ լուրեր:

Նոր կուսակցություն՝ «Դեմոկրատական այլընտրանք»


, | Հրապարակվել է: 08:52 PM, March 28, 2019

IMG

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նոր կուսակցություն՝ «Դեմոկրատական այլընտրանք»
Մի քանի օր առաջ տեղեկացրել էի, որ մտադրվել եմ հայտարարել նոր կուսակցության ծնունդը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը գործելու է լիբերալ պահպանողականության դաշտում․ դա դասական պահպանողականության հոսանքներից մեկն է, որն ավելի լիբերալ մոտեցումներն ունի բարոյական, սոցիալական հարցերում, տնտեսական քաղաքականության մեջ, մասնավորապես՝ պաշտպանում է տնտեսության մեջ պետության միջամտությունը նվազագույնի հասցնելու թեզը։
Ինչո՞ւ «Դեմոկարտական այլընտրանք»։
Հեղափոխությունը հաղթել է, սակայն դրա արժեքների կապիտալիզացիայի համար բավարար չեն միայն օրինական ընտրություններն ու լեգիտիմ իշխանությունը․ անհրաժեշտ է ունենալ դեմոկրատական այլընտրանք՝ ավտորիտարիզմի ռեստավրացիայի քաղաքական, գաղափարական հիմքերը բացառելու համար։ Դեմոկրատական այլընտրանքն այն երաշխիքներից մեկն է, որը պետք է նպաստի ժողովրդավարության անշրջելիությունը երաշխավորող ինստիտուտների ստեղծումը։
Ինչո՞ւ պահպանողական կուսակցություն։
Թավշյա հեղափոխությունը շրջադարձային իրադարձություն էր մեր քաղաքական կյանքում, սակայն վտանգավոր է այս իրադարձության ֆետիշացումը, ինչը հղի է Երրորդ հանրապետության արժեքային համակարգի չեղարկման վտանգով։ Մեր կարծիքով՝ Երրորդ հանրապետության արժեքային համակարգի հիմքում հենց ազատական ու պահպանողական գաղափարների ներդաշնակությունն է։ Խորապես համոզված ենք, որ վտանգավոր է հեղափոխությունն ու Երրորդ հանրապետությունը հակադրելու «գայթակղիչ» թեզը։
«Դեմոկրատական այլընտրանքը» գործելու է ընդդիմադիր դաշտում, սակայն սկզբունքորեն մերժում է բարիկադային մոտեցումները, հասարակությանը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քաղաքականությունը ու խորապես համոզված է, որ քաղաքական համակարգի զարգացման հիմքում պետք է լինի քաղաքական երկխոսության ու կոմպրոմիսների մեխանիզմը։
Դեմոկրատական այլընտրանքի իմաստը մասնակցային դեմոկրատիան է, ինչը ենթադրում է ակտիվ մասնակցություն բոլոր լեգալ հարթակներում, առաջին հերթին՝ ընտրություններին։
Կուսակցության ծրագրի ու կանոնադրության ամբողջացումից հետո կտեղեկացնեմ հիմնադիր համագումարի ժամկետի մասին։ Բաց ենք համագործակցության ու առաջարկությունների համար։