Հրատապ լուրեր:

Հիմա այն իրավիճակն է, երբ չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել, նույնիսկ այս ամենն ուրախանալու եւ հրճվելու պատճառ չէ, անկախ նրանից, թե հայաստանյան որ ճամբարում ենք գտնվում:


Top-news.am, | Հրապարակվել է: 02:26 PM, April 01, 2019

IMG

Հայաստանը վերջին տասնօրյակում գտնվում է ռուսական մեդիացիկլոնի ազդեցության տակ։ Համապետական, հեղինակավոր երեք հեռուստաալիքներ , ազդեցիկ թերթերից մեկն անդրադարձել են հայաստանյան իրադարձություններին։

Ակնհայտ է, որ այս մեդիաարշավը քաղաքական որոշման արդյունք է, եւ Ռուսաստանը հայաստանյան եւ ռուսահայ լսարանին հստակ ձեւակերպմամբ մեսիջներ է հղում, ձեւակերպելով պաշտոնական Մոսկվայի տեսակետները մի շարք հարցերի շուրջ։

1. Մոսկվան մտահոգ է այն ամենով, ինչ տեղի է ունենում Հայաստանում։

2. Մոսկվան Հայաստանում ընթացող գործընթացները նմանեցնում է ուկրաինականին։

3. Մոսկվան կոշտ դիրքորոշում է որդեգրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ սպասվելիք դատավարության հանղեպ։

Սրանք են հիմնական մեսիջները։ Մնացածը լրագրողական ժանրի ձեւակերպումներ են, որոնք խնդրին ավելի կամ պակաս սրություն են հաղորդում։

Ըստ էության, առաջին անգամ Մոսկվայից հնչում են համեմատություններ եւ նմանության եզրեր Հայաստանում եւ Ուկրաինայում կատարովող գործընթացների միջեւ։Կարծում եմ կարիք չկա մանրամասնել այս միտման վտանգավորությունը։ Ուկրաինան այսօր ռուսական հանրության հիմնական թիրախներից է, եւ մենք, ըստ էության, մոտենում ենք այն կետին, երբ Հայաստանը նույնպես հենց այդպես է ընկալվելու։ Աստված չանի, ձեւավորվի նման մթնոլորտ։ Դա հղի է անդառնալի հետեւանքներով՝ Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի համար։ Եթե մենք, որպես պետություն դեռ պահպանում ենք մեր ինքնապաշտպանական բնազդը, ապա պետք է շատ լուրջ հետեւություն անենք։

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա այստեղ ձեւակերպումների առումով ռուսական լրատվամիջոցները որեւէ համեստություն կամ զսպվածություն չեն դրսևորել․«Վրեժխնդրություն, ճնշում դատարանի վրա, սահմանադրության խախտում», « Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նստեցնել նախկին նախագահին, այս մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի գաղտնալսված հեռախոսազրույցից», «Ռոբերտ Քոչարյանին ձերբակալեցին, երբ հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին»: «Քոչարյանի դեմ հարուցված քրգործում անհամապատասխանությունները հետեւում են մեկը մեկին», «2008-ին Փաշինյանն աշխատում էր Տեր-Պետրոսյանի շտաբում եւ անկարգությունների կազմակերպիչներից մեկն էր»: Սրանք ձեւակերպումներ են, որոնք ռուսական համապետական եթերից կարող են հնչել միայն կենտրոնական իշխանության արտոնումից հետո։ Այդպիսի ձեւակերպումներ հնչել են Ուկրաինայի, Սահակաշվիլիի ժամանակների Վրաստանի հանդեպ։

Մենք պետք է ընդունենք, որ քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, չի կարող խոսք լինել հայ-ռուսական հարաբերությունների վստահության մակարդակի բարձրացման մասին։ Եթե նույնիսկ մենք ամեն օր Սիրիա առաքելություն ուղարկենք, դա օգուտ չի տալու։ Ընդ որում, քրեական գործի դատարկությունը ուղիղ համեմատական է ռուսական վերաբերմունքի ուժգնությանը։

Մենք պետք է փորձենք սառը վերլուծել ստեղծված իրականությունը։ Սա ոչ մեկի ամիբիցիաների պարզ խնդիրը չէ։ Սա ֆեսյբուքային կամ տնային տնտեսուհիների հանրության զգացմունքների խնդիրը չէ։ Սա պետության եւ մեր իրական մարտահրավերների խնդիրն է։ Հիմա այն իրավիճակն է, երբ չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել, նույնիսկ այս ամենն ուրախանալու եւ հրճվելու պատճառ չէ, անկախ նրանից, թե հայաստանյան որ ճամբարում ենք գտնվում: Ակնհայտ է, որ հայ-ռուսաստանյան հարաբերություններն աստիճանաբար վերածվում են ռուս-ուկրաինականի: Ակնհայտ է, որ ռուսաստանյան մեդիաները Հայաստանն ուկրաինացնում են, եւ սրա դեմն առնել է պետք:

Բայց դա պետք է արվի ոչ թե ռուսական մեդիայի դեմ պայքարելով, կամ հայկական մեդիայում նրանց դեմ նյութեր տպելով, այլ հստակ սառը հետեւություններ անելով։
Ռուսական վերնախավերի հետ աշխատանքը չափազանց կարեւոր եւ չափազանց բարդ գործ է, որը մեկ օր անգամ չի կարելի դադարեցնել։

Գեղամ Նազարյան