Հրատապ լուրեր:

Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր էլեկտրագնացքով


, | Հրապարակվել է: 02:08 PM, April 05, 2019

IMG

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով: 

Մինչ այդ վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև կայարանի թանգարանում:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից էլեկտրագնացքների ավելացման որոշումը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպմանը: 

Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում: 

Նիկոլ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարելու նաև վագոնավերանորոգման և լոկոմոտիվային դեպոներում:


Վարչապետի հանրային կապերի հետ գրասենյակ