Մոսկվան խոստանում է պատրաստել ադրբեջանական բանակը. Սա արդեն բիզնես չէ


Lragir.am, | Հրապարակվել է: 11:00 AM, April 11, 2019

IMG

Բաքվի զլմ-ները տեղեկացնում են, որ ապրիլի 10-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական, ռազմա-ուսումնական եւ ռազմա-բժշկական ոլորտներում համագործակցության հարցեր: Քննարկվել են նաեւ նոր նախագծեր ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում, որոնք ուղղված են ադրբեջանական բանակի մարտունակության ուժեղացմանը: Մոսկվայի ու Բաքվի ռազմա-տեխնիկական համագործակցությունը նոր բան չէ, սակայն այս հաղորդագրության մեջ նոր ու հետաքրքիր է ադրբեջանական բանակի մարտունակության ուժեղացման վերաբերյալ արտահայտությունը: Մոսկվան Բաքվին զենքի լայնածավալ մատակարարումների հարցում հայկական կողմի առջեւ արդարանում էր նրանով, որ դա ընդամենը բիզնես է: Սակայն այս պարագայում դա արդեն դադարում է բիզնես լինել, քանի որ մարտունակությունը ադրբեջանական բանակի խրոնիկ խնդիրն է: Մոսկվայում դա ամենից լավ գիտեն, եւ 1990-ականների սկզբին հայերի դեմ գործում էր հենց ռուսական բանակը, որի հետեւանքով տեղահանվեց Արցախի հյուսիսի ու հարակից շրջանների հոծ հայ բնակչությունը: Հայտնի է, թե ինչ եղավ, երբ ռուսական բանակը հեռացավ ռեգիոնից: 2016-ի ապրիլի ռազմագործողություններից առաջ Մոսկվան զինեց ադրբեջանական բանակը, զուգահեռ դադարեցնելով հայկական կողմի մատակարարումները, բայց Բաքուն կրկին չկարողացավ իրականացնել իր առջեւ դրած խնդիրը: Ապրիլից հետո ստեղծվեց ռազմա-քաղաքական աննպաստ իրավիճակ ոչ միայն Բաքվի, այլեւ Մոսկվայի համար, հատկապես Վիեննայի հանդիպումից հետո: Ճիշտ է, ՀՀ նախորդ վարչակազմը չօգտագործեց այդ իրավիճակը, սակայն նոր կառավարությունը փորձում է վերականգնել այն, Արցախի ու ընդհանրապես ռեգիոնալ խնդիրներում հանդես գալով նոր մոտեցումներով: Մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպումը կրկին Վիեննայում այս մոտեցումների հաստատումն էր, որը լուրջ անհանգստություն է առաջացրել Բաքվում: Զուր չէ, որ այստեղ կրկին սկսել են խոսել ռազմական շանտաժի ու սպառնալիքների լեզվով: Միեւնույն ժամանակ, Վիեննայից հետո Բաքվի ղեկավարները դիմել են Մոսկվային, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Բաքվի համար ռազմա-քաղաքական հարցերում հովանավոր ու երաշխավոր կարող է լինել միայն Մոսկվան: Բայց Մոսկվայի համար չափազանց կլիներ սեփական զինված ուժերը կրկին ուղարկել հայերի դեմ: Ադրբեջանական բանակն ունի մարտունակության խնդիր, եւ այդ խնդիրն ունի խոր էթնիկ ու հոգեբանական արմատներ: Եվ ռուս դեսպանը խոստանում է լուծել այդ խնդիրը: Սա արդեն բիզնես չէ: