«Չենք ճանկռելու, իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու». Նիկոլ Փաշինյան


ԳԱԼԱ, | Հրապարակվել է: 06:29 PM, April 15, 2019

IMG

Այսօր Ագրարային համալսարանում ճանաչողական այցից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Կառավարությունն այսօր ոչ մեկից ոչ մի բան վերցնելու կարիք չունի: Կառավարությունն այսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է ժողովրդից ստացած մանդատով և գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը: Մենք մանիպուլյացիաներով իշխանություն չենք պահելու»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանը:

Նա լրագրողի հարցին ի պատասխան բացառել է, որ ԵԿՄ-ն կրկին դառնա քաղաքական կառույց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սասուն Միքայելյանը դարձավ ԵԿՄ նախագահ:

«Երկրապահ կամավորականների միությունը քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես պետք է չներքաշվի, որովհետև ԵԿՄ-ն պրոբլեմ սկսել է ունենալ այն պահից, երբ որ իշխանությունը լեգիտիմության պակասի բերումով փորձել է այդ կառույցն օգտագործել իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար: Ես որևէ զարտուղի աջակցության կարիքը չունեմ: Մենք ասել ենք՝ Հայաստանը ժողովրդավարական պետություն է: Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու, իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու: Այնպես որ, այդ մեխանիզմների մասին եկեք մոռանանք: ԵԿՄ-ն ինքն է որոշել, թե ում են ուզում իրենք տեսնել»: