Ինչու՞ ենք Զատիկին ձու ներկում


,ter-hambardzum.net | Հրապարակվել է: 07:01 PM, April 20, 2019

IMG

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 21-ին:
Զատիկ նշանակում է զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:

Զատիկին սովորություն է ձվախաղն ու ձու ներկելը, ինչը շատ տարածված է տարբեր ազգերի մշակույթներում: Թե երբվանի՞ց է առաջացել այս սովորությունը, հստակ տեղեկություն չկա, կան միայն վարկաներ.

Ավանդության համաձայն՝ Մարիամ Մագդաղինացին մեկնում է Հռոմ՝ Ավետարանը քարոզելու համար: Ներկայանում է Տիբերիոս կայսերը և նրան նվիրում է կարմիր ձու, ասելով՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» և  սկսում է Ավետարանի քարոզչությունը: Սակայն սա միայն առասպել կարելի է համարել:

Բոլոր կրոնների մեջ ձուն կարևոր տեղ է գրավում. մինչև իսկ հին հռոմեացիներն ու հույները ձու էին նվիրում իրենց աստվածներին՝ սրբվելու և մաքրվելու համար:

Կաթոլիկ համայնագիտարանը «ձու» բառի դիմաց տալիս է նաև հետևյալ բացատրությունը. «Հին ժամանակ ձուն գարնան և պտղաբերության խորհրդանիշն էր. գարնան սկզբում մարդիկ միմյանց ձու էին նվիրում: Միջին դարերում, պասի ժամանակ, երբ ձու ուտելն արգելված էր, հավատացյալները ձու ուտելու և նվիրելու սովորությունը վերապահեցին կիրակի օրվան:
Զատիկի ձուն այժմ խորհրդանիշն է այն ժայռե գերեզմանի, որտեղից Քրիստոսը հարություն առավ: Քրիստոնյաները ձուն ներկում էին, օրհնել էին տալիս, ապա ուտում և որպես նվեր տալիս բարեկամներին»:

Կրոնների մեջ ձուն համարվում էր նաև հարության խորհրդանիշ, քանի որ իր մեջ պարունակում էր կյանքի նոր սերմը, այլ խոսքով՝ ծնունդ էր ունենում: Ձուն ներկում էին կարմիր գոյնով՝ որպես ուրախութեան խորհրդանշան: Կարմիրը խորհրդանշում է նաև զոհի արյունը, հետևաբար՝ ձուն որպես խորհրդանիշ՝ պատկանում է նախաքրիստոնեական շրջանին, իսկ ձու ներկելը մաս էր կազմում գարնան հանդիսությունների: Քրիստոնեաների մոտ գործածական դառնալուց հետո կարմիր գոյնը խորհրդանշեց Քրիստոսի հեղած արյունը:

Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին տալիս է հետևյալ տեղեկությունները. «Զատկի այս առաջին կիրակիի շաբաթ օրը կարմիր ձու ենք ներկում և նրա խորհուրդը այն է, որ միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է ամբողջ աշխարհի, ինչպես որ իմաստուններն են ասում՝ դրսի կեղևը նմանում է երկնքին, մղզնաձևը (թաղանթաձևը)՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղինն էլ երկիրն է, այսինքն՝ մեջը, իսկ կարմիր ներկելը նշանակում է, թե ամբողջ աշխարհը գնվեց Քրիստոսի արյունով: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը: Այդ պատճառով է, որ նախ կարմիր ձու ենք ուտում և հետո մյուս կերակուրները ճաշակում»: