Արվեստը դա այն մտքերի արտահայտումն է, որոնց մասին դժվար է խոսել մարդկային լեզվով


, | Հրապարակվել է: 03:21 PM, May 04, 2019

IMG

Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը, արվեստը սիրել` յուրաքանչյուր մարդ:
Ժուլիեն Գրյուն

Թվում է երբեմն հենց այդ ընտրյալների նկատմամբ կյանքը անարդար է գործում: Կամ ամեն անարադրությամբ հնարավորություն ընձեռում կյանքի նոր փուլ հաղթահարել,ամեն քայլը հերթական արվեստի գործ դարձնելով :

Հերթական զրույցներից մեկի ժամանակ Լիաննա Հարությունյանը պատմում էր Վանաձորում ապրող և արարող մի հրաշք աղջկա մասին ` Լուսինե Քերոբյանի: Լիաննան պատմում էր,իսկ իմ մտքում արդեն նյութի տեսլականն էր էսքիզվում….
Այսպիսի կյանքերի մասին պետք է շարունակաբար խոսել,գրել նրանց դժվարությունների, փորձությունների, հաղթահարած ճանապարհների մասին …


Թարմ հետքերով գտանք Լուսինեին ,ուզում էինք սկսել հարցադրումները երբ Լուսինեն սկսեց պատմել.

- Ծնվել եմ Կիրովական այժմյան ՝Վանաձոր քաղաքում 1971թ. նոյեմբերի 2-ին: Գերազանցությամբ ավարտել եմ Ստեփան Զորյանի անվան 22 միջ.դպրոցը: Երազում էի դառնալ բժշկուհի, ցավոք երկրաշարժը ամբողջական փոխեց իմ ճակատագիրը: Երկրաշարժի ժամանակ 10-րդ դասարանում էի,այդ օրը գրականության դասաժամ էր պատասխանեցի Ստ.Զորյանի <<Խնձորի այգին>> ինչպես միշտ ստացա իմ 5-ը ,նստեցի ու սկսվեց ցնցվել ...մի խոսքով անմիջապես սայլակին չեմ նստել, վնասվածքս այնպիսին էր որ աստիճանական կարգով սկսեց թուլացման պրոցեսը...Այդ ժամանակ 17 տարեկան էի...Աստված իմ ոնց որ երեկ լիներ...

Պատմում է, զգում եմ հուզմունքը խեղդում է, ու հաղթահարելով հուզմունքը շարունակում է.

-Բազմիցս փորձությունների միջով եմ անցել այդ ժամանակահատվածում...Ես միանգամից հոգեպես մեծացա մի քանի տարով, իմ տարիքի աղջիկները սիրահարվում էին այդ ժամանակաընթացքում ուրիշ մտահաղացումներով ապրում, ես ուրիշ աշխարհում էի ապրում ,իմ աշխարհում...Մտածում էի ամեն գնով պիտի ոտքի կանգնեմ,որպեսզի իրականացնեմ իմ երազանքները...Չեմ սիրում երբեք որ սայլակին նստած մարդուն ասում են ապրես շատ ապրես ...ապրես որ շնչում ե՞ս…. Ես հասկացա, որ եթե որոշել եմ ապրել ուրեմն պիտի շարունակեմ շարժվել առաջ... Հասկացա պիտի  սովորել, աշխատել, ստեղծագործել, երգել,  զբաղվել սպորտով ԱՊՐԵԼ ոչ միայն քո համար ,այլ նաև ԱՊՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՄԱՐԴԿԱՆՑ և ՔՈ ԸՆՏԱՆԻՔԻՆ:

   1991-2001թ աշխատել եմ <<Գթություն>> ԲՄ որպես տեխնոլոգ մոդելավորող 2001թ-2005թ հիմնադրել եմ <<Լուսաստղ>> հաշմանդամների բարեգործական կազմակերպությունը,որտեղ աշխատել եմ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ,միևնույն ժամանակ լրագրողական աշխատանքներ կատարել լուսաբանելով հաշմանդամների սոցիալական պաշտպանության և իրավունքներին առնչվող հարցեր,ունեցել եմ հեղինակային հաղորդաշար մարզային հեռուստատեսությամբ ,որը կոչվում էր <<Լուսաստղ>>  ,որտեղ ներկայացրել եմ մարզերում ապրող և ստեղծագործող հաշմանդամներին: Տվյալ ժամանակաընթացքում մեներգել եմ աշխարհում միակը հանդիսացող  <<Փարոս>> կամերային երգչախմբում,որտեղ համերգներով հանդես եմ եկել մի շարք երկրներում: Քանի որ երկրաշարժի պատճառով ստացել էի ողնաշարի վնասվածք ուսումս կիսատ էր մնացել Երևանի Պետական Համալսարանում,սակայն 2011թ-ին ավարտեցի Երևանի Պետ.Համալսարանի սոցոլոգիայի ֆակուլտետը Սոցիալական աշխատանք մասնագիտությամբ: 2007թ-ից մինչ այժմ աշխատում եմ Վիվասել ՄՏՍ-ում որպես վաճառքի և բաժանորդների սպասարկման մասնագետ: Ստեղծագործական աշխատանքներս դրանք հոգուց դուրս եկած աշխատանքներ են,ունեցել եմ մի շարք ցուցահանդեսներ Ռուսաստանում՝ Տվեր քաղաքում: 

-Ե՞րբ զգացիք,որ դեպի արվեստ սերը Ձեզ կլանում է:

-Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի ժամանակահատված, երբ  փորձում է նոր բացահայտումներ կատարել սեփական կյանքում:Երբ սկսեցի նկարներ ասեղնագործել այդ ժամանակաընթացքը պայմանավորված էր նրանով,որ առաջին անգամ տեսա Ջուղայի խաչքարերը և որոշեցի ասեղնագործել: Արվեստն ինքնաճանաչողության ձև է: Իմ կարծիքով արվեստը դա այն մտքերի արտահայտումն է, որոնց մասին դժվար է խոսել մարդկային լեզվով:

Ինքս միշտ սիրել եմ արվեստի տարբեր ճյուղեր,գերազանց ավարտել եմ երաժշտական դպրոցը և միշտ կապված եմ եղել երաժշտության հետ : Ընդհանուր առմամբ արվեսասեր մարդ եմ եղել, սակայն  երբեք չեմ մտածել ,որ ինքս երբևիցէ նկարներ կասեղնագործեմ: Դա կատարվեց  սրտի թելադրանքով,ինքնաբուխ ձևով...Գույները...ես ամեն ինչ ասոցացնում եմ գույներով,նույնիսկ մարդկանց հետ հարաբերվելուց գույների մեջ եմ տեսնում նրանց էությունը,էմոցիաները, տրամադրությունը...բայց ամենակարևորը այդ գույների մեջ ես ունեմ իմ լուսավորը տեսնելու հատվածը,նույնիսկ ամենամուգ գույնի մեջ ես ունեմ այն լույս արձակող մասնիկը, որը ասեղնագործելու ընթացքում ես զգում եմ:

 

-Ինչպե՞ս որոշեցիք հայտնիների գործերին Ձեր ասեղնագործությամբ նոր շունչ տալ:

-Երբ սկսեցի կարդալ Պիկասոյի մասին,այնուհետև ծանոթանալ նրա ստեղծագործություններին ,որոշեցի անպայման պիտի ասեղնագործեմ: Միևնույն ժամանակ հասկանում էի, որ ուղակի Պիկասոյական գաղափարներն էին որ արմատացած էին իմ մեջ  և շատ բաներ փոխեցին իմ կյանքում տվյալ ժամանակաընթացքում... Նա ասում էր,  որ աշխարհը պատկերում է,  ինչպես պատկերացնում է,  այլ ոչ թե ինչպես տեսնում է...այդ տարիներին իմ պատկերացրած աշխարհն էի ես տեսնում և ուզում էի տեսնել...ես պրոֆեսիոնալ նկարիչ չեմ և չեմ էլ պատրաստվում դառնալ,ես պարզապես սիրողական արվեստասեր մարդ եմ, ով փորձում է իր ներաշխարհը վերարտադրել ասեղնագործության միջոցով: Կարծես զուգահեռ աշխարհ եմ ստեղծել ինքս իմ համար նոր շունչ տալով նկարներին: Ես իմ ասեղնագործ նկարների շնորհիվ բուժել եմ հոգու շատ ցավեր,որը ոչ մի դեղամիջոց չէր կարող անել:Վստահորեն կարող եմ ասել,ամեն մի ասեղնագործ նկար ունի իր պատմությունը իր բուժիչ ուժը:

 

-Արվեստի ո՞ր ճյուղն է հիմնականում հոգեհարազատ Լուսինե Քերոբյանին :

-Ինձ հիմնականում հոգեհարազատ է երաժշտությունը: Չնայած սիրում եմ և պոեզիա հատկապես Սևակ,Սահյան,Տերյան,սիրում եմ թատրոն...արվեստի բոլոր տեսակների մեջ կարողանում եմ գտնել այն ինչ անհրաժեշտ է տվյալ իրավիճակում: Ամբողջականանում եմ երաժշտություն լսելիս հատկապես դասական երաժշտություն:

 

-Դժվար չէ արդյո՞ք մեր օրերում,երբ այսքան շատ են քննադատները , ներկայանալ ցուցահանդեսով :

-Ամբիցիաներ չունեմ և ցանկացած քննադատություն ընդունում եմ հանգիստ և հակառակը քննադատությունից  կարող եմ անրադառնալ և վերանայել այն ինչ թերի կհամարվի քննադատողի կողմից: Իմ ստեղծագործությունները հոգուց բխած աշխատանքներ են,այն ինչը որ  ստեղծագործել եմ պարզապես իրավիճակում ստեղծված աշխատանքներ են: Գտնում եմ, որ երբ ստեղծագործողը ցուցադրում է իր աշխատանքները ապա ասելու խոսք ունի: Իմ խոսքը հիմնականում ուղղված է հաշմանդամություն ունեցող և հոգեբանական ծանր իրավիճակներում գտնող մարդկանց: Ամեն մարդ ունի իր հոգսերն ու խնդիրները սակայն դրանք մեղմանում և չեզոքանում եմ երբ կպնում ես արվեսի որևիցէ ճյուղի...

   Հարցազրույցը ` Արմինե Մելքոնյանի