Հրատապ լուրեր:

Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել. դատական դեպարտամենտ


AzatutyunTV, | Հրապարակվել է: 12:06 PM, May 06, 2019

IMG

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, «Ազատության»-ը փոխանցեց Դատական դեպարտամենտի խոսնակ Արման Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի, գործը հանձնվել է գրասենյակ՝ վերամակագրման։ Պատճառները դեռ չեն նշվում։

Վարդան Գրիգորյանն ընտրվել էր պատահականության սկզբունքով՝ էլեկտրոնային վիճակահանությամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 40-ամյա դատավորի մասին շատ բան հայտնի չէ․ նա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2014-ին՝ Երևան տեղափոխվել է մոտ 5 ամիս առաջ: Մինչև այդ 7 տարի՝ 2007-2014 թվականներին, աշխատել է որպես հանրային պաշտպան:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ Քոչարյանի գործով դատավորի մասին արտառոց հրապարակումների չի հանդիպել, բայց չէր էլ բացառել, որ հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ որոշեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել:

Նշենք, որ ապրիլի վերջին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվեց: Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատարան։