Հրատապ լուրեր:

Ես մտածում էի, որ երբեք այլեւս չեմ հրապարակի իմ այս (ժանրը չգիտեմ) գրվածքը, որ շարունակաբար տպագրվել է Այդին Մորիկյանի խմբագրած «Ժամանակ Երեւան» թերթի 2008 թվականի ապրիլի 9-ից 14-ի համարներում


, | Հրապարակվել է: 12:43 PM, May 16, 2019

IMG

Ես մտածում էի, որ երբեք այլեւս չեմ հրապարակի իմ այս (ժանրը չգիտեմ) գրվածքը, որ շարունակաբար տպագրվել է Այդին Մորիկյանի խմբագրած «Ժամանակ Երեւան» թերթի 2008 թվականի ապրիլի 9-ից 14-ի համարներում:

Ժամանակին սա կարդացածները գիտեն, մյուսների համար ասեմ, որ այն 2008 թվականի մարտի 1-ից 20-ի օրագրային գրառումների տեսքով ստեղծագործություն է...

Եթե պԱՐՏԿՈՄի դատը շարունակվի այս կերպ, երեւի, համենայն դեպս, որոշեմ ամբողջությամբ հրապարակել նորից իմ բլոգում:

Իսկ առայժմ մի հատված միայն.

Մեսրոպ Հարությունյան

ՄԻ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
ԿՈԼԱԺ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐՈՒԶՈՒՐՊԱՏՈՐԻ ԻՆԱՈՒԳՈՒՐԱՑԻԱՅԻ ԻՄԻՏԱՑԻԱՅԻՆ

Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք «մտացածին» են, հնարավոր համընկնումները` «պատահականություն»։

....

ՕՐԱԳԻՐ. 13. 03. 2008

Ու պարտկոմն իր սպառնալիքն իրականացրեց. իբր մամուլին ազատություն է տվել։ Ու հիմա, ըստ էդ «ազատության», չի կարելի հրապարակել «ակնհայտ սուտ եւ իրավիճակը ապակայունացնող» տեղեկություններ։
Բայց ես որոշել եմ չենթարկվել հրամանին, ու հենց հիմա, էս գրառման մեջ ԱԿՆՀԱՅՏ ՍՏԵՐ եմ գրում.

պարտկոմը տասը տարի լեգիտիմ ղեկավար է եղել,

Պողոս Պողոսյանը մահացել է անզգույշ քաշքշուկից,

2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրություններն ազատ ու արդար են եղել,

նորուզուրպատորը հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 800 հազարից ավելի ձայն,
արտուրիկը միայն ու միայն հանուն երկրի կայունության է հաճախորդ դարձել,

ոստիկանները չեն կրակել ցուցարարների վրա,

աղվանը գիտի, թե ինչ են մարդու իրավունքները,

մահտեսին մոտեցել է ցուցարարներին եւ թախանձագին խնդրել ազատել հրապարակը,

գագոն անկախ Սահմանադրական դատարանի նախագահ է…

Շարքը յուրաքանչյուր ՔԱՂԱՔԱՑԻ կարող է շարունակել։
Ու նաեւ, չենթարկվելով պարտկոմի հրամաններին, իրավիճակն ապակայունացնող տեղեկատվություն եմ տարածում, ահա՝

Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

Կարդալով այս վեց տողը` աղվանի ու մահտեսու քննիչները ձեռուոտ ընկան, իսկ սայաթն ու սոնան տարածեցին հաղորդագրություն.

«…պարզվել է, որ սույն` իրավիճակն ապակայունացնող բանաստեղծությունը, ըստ նեյրոլեզվաբանական հետազոտության, պարունակում է մարդկանց էքստազի մեջ գցող, զանգվածային հոգեխանգարմունքի ձեւավորմանը նպաստող այնպիսի կոդավորված սադրիչ բառեր, ինչպիսիք են ԾԻՏ (ազատության սիմվոլ), ԿԱՆԱՉ ԽՈՏ (որ հայրենիք իմաստն ունի), ԴՈՒՐՍ ԹՌԱՎ (հաղթանակի լոզունգ) եւ ամենակարեւորը՝ ԳՆԱՑ ԲԱՆՋԱՐԻ, որ ապօրինի հանրահավաքի ուղղակի կոչ է։ Օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ սույն տեղեկատվության հեղինակը հայտնի տեռորիստական բանդայի անդամ ոմն Հ. Թումանյանն է։ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն աշխատանքներ են տանում նրան հայտնաբերելու ուղղությամբ…»։

Ու հեղինակին հայտնաբերելու համար մահտեսին, աղվանն ու իր դահիճները նորանոր ձերբակալություններ ու խոշտանգումներ կիրականացնեն։ Ուրիշ ձեւ չգիտեն։

Մեսրոպ Հարությունյան