Հրատապ լուրեր:

Կոռուպցիոն սխեմա գծած հայ «կլիմայագետների» արկածները


Գալուստ Նանյան, | Հրապարակվել է: 07:47 AM, May 17, 2019

IMG

Հանրահայտ National Geographic պարբերականը վերջերս հրապարակել է զեկույց, որում ներկայացրել է, թե ինչպես են խաթարվել Երկիր մոլորակի կապույտ երակների` գետային ավազանների էկոհամակարգերը: Ըստ այդ հետազոտության` աշխարհի գետերի 63 տոկոսը ջրամբարների, ՀԷԿ-երի եւ դրանց համար կառուցված պատվարների պատճառով ենթարկվել է տարբեր փոփոխությունների:

Հատկապես հիդրոէներգետիկան վնասել է հիմնականում երկար գետերի էկոհամակարգը` վերացնելով ձկնաձվադրման վայրերը, եւ ազդել կլիմայի փոփոխության վրա:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում խնդիրները նույնն են, եւ դեռեւս 1993 թվականին Հայաստանը ստորագրեց Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան, իսկ 2002թ. դեկտեմբերին` Կիոտոյի արձանագրությունը: Հիշեցնենք, որ ՀՀ-ն ներառվել է ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հավելված 1-ում, որի համաձայն` չունի ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կոնկրետ քանակական պարտավորություններ, սակայն ստանձնել է կլիմայի փոփոխության հետ կապված մի շարք պարտավորություններ, որոնց իրականացման պատասխանատվությունը ստանձնել է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Կոնվենցիայի իրականացման համար ՀՀ կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ, ապա` սակայն վերջիններս փորձաքննության կարիք ունեն, քանի որ այդ շրջանակներում ՀՀ ԲՆ-ի կողմից իրականացված գործունեությունը արդեն իսկ մասնագետների կողմից գնահատվում է որպես վնասաբեր:

Պատմական ակնարկից անցում կատարելով եղելությանը` նշենք, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, Կլիմայի փոփոխության կոնվենցիայի համաձայն, նոր զարգացող երկրները ստացել եւ մինչ օրս ստանում են համապատասխան գումարներ` դրամաշնորհների և վարկերի տեսքով, որ երկրի ներսում մեղմեն առաջացած խնդիրները: Հաշվարկների համաձայն` ՀՀ-ն կլիմայական փոփոխության դեմ պայքարի համար արդեն ստացել է մի քանի հարյուր մլն դոլարին համարժեք գումար, իսկ թե ինչպե՞ս է այն տնօրինվել, եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել, թողնում եմ մասնագետների գնահատականին, մինչդեռ անզեն աքչով պարզ է, որ բնապահպանական խնդիրները աղետաբեր են: Իսկ, թե ինչպես են ծախսվել այդ գումարները մանում է օրակարգում:

Այսօր կանդրադառնամ մեկ այլ փաստի` թե ինչպես ստացվեց, որ վերջերս հրապարակված Հանրային մատչելի զեկույցը փաստում է, որ ՀՀ ԲՆ-ն հրապարակել է մի «պաշտոնական փաստաթուղթ», համաձայն որի` կլիմայի փոփոխության հարցերով պետական քաղաքականություն ջերմոցային գազերի նվազեցման հետ կապված ընտրվել է Փոքր ՀԷԿ-ով Հայաստանը ողողելու միջոցով, դա էլ այն պարագայում, որ միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ ՇՄԱԳ օրենքը խիստ թերի և զուրկ անգամ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդաբանությունից: Պարզ ասված, որևէ նախագծի ազդեցություն, այդ թվում Փոքր ՀԷԿերի չի ենթարկվում գնահատման, թե ինչպես կազդի օդի, ջրի, գյուղատնտեսության, համայնքի, էլ չեմ ասում մարդու առողջության վրա:

Այսինքն` ստացվում է, որ ՀՀ ԲՆ-ի որոշ պաշտոնյաներ որոշել են, որ, առանց ջրերի հաշվառման և արդյունավետ կառավարման, փոքր ՀԷԿ-երի ազդեցության գնահատման, իրենք պետք է համայքները խեղդեն փոքր ՀԷԿ-երով, այնուհետեւ Կլիմայի կոնվենցիային գրասենյակին զեկուցեն, թե ջերմոցային գազեր են նվազեցրել ու ստանան իրենց փայ դրամաշնորհ(ներ)ը:

Սակայն, անգամ առանց գիտական ուսումնասիրության, պարզ է, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի գործը կազմակերպված է այնպես, որ հենց այդ գործունեությունն է առաջացնում կլիմայի փոփոխություն, որը հանգեցնում է տեղական բարենպաստ կլիմայի գրեթե անվերականգնելի բացասական փոփոխությունների: http://www.nature-ic.am/…/TNA%20Mitigation%20ARM%20Final%20… (էջ 31):

Նույն զեկույցից (էջ 117) տեղեկանում ենք, որ ջերմոցային գազերի «նվազեցման» հերթական թիրախը «Նաիրիտ»-ն է` բութադիենի հիմքով վերագործարկելու» ծրագրով` ընդհանուր առմամբ, մոտ 100 մլն դոլար արժողությամբ: Սակայն հետաքրքիր է այն, որ, չնայած ՀՀ ԲՆ նախկին առաջին փոխնախարար Սիմոն Պապյանի կողմից հաստատված զեկույցին, առ այն, որ սա պետական քաղաքականություն է, «Նաիրիտ»-ի նախագիծը ոչ մի պետական փորձաքննություն կամ ընթացակարգ չի անցել: Ընդհակառակը` զեկույցի հեղինակի` Արամ Գաբրիելյանի հանգուցյալ քրոջ ամուսինը` Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն է, որ տարիներ շարունակ խոսում է 100 մլն ներդրման ու «Նաիրիտ»-ի վերագործարկման մասին` ացետիլենի փոխարեն բութադիենի հիմքով: Արդյոք Աշոտ Գրիգորյանի 100 մլն հենց Արամ Գաբրիելյանի ծրագրին է:

Ինտրիգն էլ ավելի է սաստկանում, երբ Սիմոն Պապյանի և Արամ Գաբրիելյանի մեկ այլ զեկուցում, հանդիպում ենք, որ` «Նաիրիտ»-ը պետք է դառնա ինչ-որ Քաղաքացիական Բնապահպանական Հիմնադրամի սեփականություն http://www.nature-ic.am/…/Report%20ARM%20TAP%20Mitigation%2… (Էջ44):

Վերջինս, Արամ Գաբրիելյանի պատկերացմամբ,պետք է ստեղծվի կառավարության կողմից և այնտեղ ուղղվեն բնօգտագործման եւ բնապահպանական հարկերը, հանդիսանալով այն պարտադիր պետական համաֆինանսավորումը, որը անհրաժեշտ է միջազգային կլիմայական ֆինանսավորում ստանալու համար:

Հաշվի առնելով, որ բնօգտագործման եւ բնապահպանական հարկերը պետական բյուջեի ձեւավորման կարեւոր եկամուտն են, իսկ միջազգային ֆինանսավորումը, ըստ ՀՀ օրենսդրության, պետք է մտնի ՀՀ ֆինանսների նախարարություն, ապա այս «Հիմնադրամ»-ի գործունեությունը կարելի է անվանել հակապետական ու պետությունը թուլացնող նախաձեռնություն:

Այստեղ հարկ է նշել, որ պետբյուջեի մասին ՀՀ օրենքը խիստ վերահսկողություն է սահմանում պետական գումարների օգտագործման վրա, իսկ «Հիմնադրամի» տարբերակն ամբողջովին «վանում է» պետական հսկողությունը եւ վերահսկողությունը` այդպիսով նաև ազատելով գումարների օգտագործման հաշվետվողականությունից:

Ընթերցողի ուշադրությունը հատուկ հրավիրում եմ այն իրավական կարգավիճակի վրա, որը նախատեսվում են Պապյանն ու Գաբրիելյանը «Նաիրիտ»-ի համար:

Ըստ այդ «դաշինքի»` «Նաիրիտ»-ը պետք է դառնա բաժնետիրական ընկերություն, իսկ բաժնետերերը` նաիրիտցիները: Տրամաբանական է, որ նաիրիտցիները պետք է տնօրեն ընտրեն այն մարդուն, որը խոստանում է ներդրում, այդպիսին է տվյալ դեպքում Աշոտ Գրիգորյանը: Քանի որ բաժնետիրական ընկերություններն իրավունք ունեն հաշիվներ ունենալու նաև Հայաստանից դուրս, ուստի կարող ենք ենթադրել, որ հնարավոր ստացվելիք գումարի մի մասը, որ դրամաշնորհ պետք է լինի, կմուտքագրվի դրսի հաշիվներ ու այնտեղից էլ կանհետանա, իսկ մյուս մասը` վարկ, որն էլ կգա Հայաստան ու կծանրանա նաիրիտցիների ուսերին:

Այս վարկածն ավելի հավաստի է դառնում վերջերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հայտարարությունից հետո, թե` Աշոտ Գրիգորյանը չկայացած ավանտյուրիստ է:

Սիսեռյանի խոսքերը հաստատվում են, երբ փորձում ենք ծանոթանալ Համաշխարհային բանկի վերլուծությանը (http://www.minenergy.am/…/f…/Nairit_Final_Report_v.3_arm.pdf), համաձայն որի` «Նաիրիտ»-ը բութադիենով աշխատեցնելու համար հարկավոր է 264 մլն դոլար, սակայն գործնականում վերագործարկումը հնարավոր չէ, քանի որ բութադիենը հնարավոր չէ ներկրել Իրանից երկաթգիծ չլինելու պատճառով, իսկ ՌԴ- ից` Փոթի նավահանգստում թե տերմինալների, թե այլ ինֆրակառույցների բացակայության պատճառով:

Հատկանշական է, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված` «Բնապահպանական Քաղաքացիական Հիմնադրամի ստեղծումը» (ակնհայտորեն պատրաստված Պապյան-Գաբրիելյանի կողմից) չի նախաձեռնվել պետության կողմից, այլ «Խազեր» ՀԿ-ի, որը պատկանում է Արամ Գաբրիելյանին, եւ որը երկու տարի առաջ 150.000 դոլար (http://www.sgp.am/am/Projects?id=79) է ստացել հիմնադրամի փաստաթղթերը մշակելու համար:

Հիշեցնենք, որ նույն ծրագիրը (http://www.sgp.am/am/Projects?id=70) Գաբրիելյանը իրականացրել է նաեւ 2015-2016թթ. մեկ այլ ՀԿ_ի միջոցով: Ու թեև ծրագրի վերնագրում խորամանկորեն ներկայացվում է, թե հիմնադրամի մոդելը ստեղծվելու է փոքր քաղաքների և գյուղերի համար, այն իրականում միտված է հենց վերոնշյալ հիմնադրամի ստեղծմանը: Դրա աբեկանելի ապացույցը գտնում են հենց «Խազեր ՀԿ-ի էլ-էջում «ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ»
https://khazer.org/…/klimayakan-qaxaqatsiakan-nerdrumain-s…/

Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը (ԳԷՀ)` փոքր դրամաշնորհների ծրագիրը, երկու անգամ ֆինանսավորում է տրամադրում Արամ Գաբրիելյանին, մեկը «ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի», մյուսը «Խազեր» ՀԿ-ի տեսքով, մի ծրագրի համար, որի գաղափարը ՀՀ կառավարությունը մերժել էր երեք անգամ: Հիմա արդեն չորս:

Մի հետաքրքիր հանգամանք եւս. «շրջանառու» բառի իմաստը հասկանում ենք, երբ ընթերցում ենք կառավարության արձանագրային որոշումը (կցված է MAR47), որ հիմնադրամը գործելու է «Կանաչ Ներդրումների սխեմայի» օրինակով, որն` կարող է ստանալ և տրամադրել վարկեր...
Այստեղ տեղին է նշել, որ նույն զեկույցներում (http://www.nature-ic.am/…/Draft%20Final%20Report%20ARM%2017… (էջ 71), որպես Հայաստանի արդյունաբերության, կարդալ` «Նաիրիտ»-ի, շահառու նշված են «Խազեր»ՀԿ-ն և «Վինք» ՍՊԸ-ն (http://www.vink.am ), երկրորդի տնօրենը Հայկ Գաբրիելյանն է` Արամ Գաբրիելյանի որդին:

Մտածելու տեղ է տալիս, թե այդ միլիոնավոր դոլարներով ինչքան օգուտ կարելի էր տալ Հայաստանին, մարդկանց, բայց թե ինչպես են իրացվել և ինչ վնաս են հասցրել պետք է լինի իրավապահների օրակարգում, քանզի առանց արդարացի գնահատական տալով կատարվածին, բնապահպանության ոլորտում դրական տեղաշարժ հնարավոր չէ:

Հ.Գ. Այսօր միանշանակ պարզ է, որ դեռ թելվում է նախկին կառավարման համակարգի թելն ու աչք է փակվում որոշ հանցագործությունների վրա: Կարծում եմ, որ վերը նկարագրվածը հաստատում է` գործ ունենք խարդախության, պաշտոնեական դիրքի չարաշահման և համակարգված կոռուպցիայի հետ, և այդ ուղղությամբ հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Գալուստ Նանյան

Էկո- Մեդիա ցանց

Բոստոն (ԱՄՆ)