Այսօր Թանգարանների միջազգային օրն է


Araratnews.am, | Հրապարակվել է: 12:27 PM, May 18, 2019

IMG

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM – The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978թ.-ից այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում եւ Հայաստանը:
Տոնի շրջանակում անց է կացվում նաեւ «Թանգարանների գիշեր»: Այդ օրը Հայաստանի թանգարաններն այցելուների համար բաց են լինում երեկոյան 18:00-ից մինչեւ կեսգիշեր: Թանգարանները հանդես են գալիս նաեւ մի շարք միջոցառումներով: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005թ.:
«Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշեր բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները: Այս նախաձեռնությունը ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ եւս 20 գերմանական քաղաք:
1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին եւ անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը:
2001թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այս նախաձեռնությանն է միացել նաեւ Թանգարանների միջազգային խորհուրդը:
Թանգարանների միջազգային օրվա եւ «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները բաց կլինեն մինչեւ կեսգիշեր եւ հանդես կգան մի շարք միջոցառումներով: