Հրատապ լուրեր:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի Վերջին զանգյան շնորհավորական ուղերձը


, | Հրապարակվել է: 05:39 PM, May 24, 2019

IMG

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից և անձամբ «Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ շրջանավարտներին, մանկավարժներին, ծնողներին և մաղթում, որ օրվա տոնականությունը պայծառ հիշողություն դառնա բոլորի կյանքում:


Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ այս օրերին ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների, ծնողների, աշակերտների հետ, կրկին հիշեցրել տոնին հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, համակեցության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ բարձր իրավագիտակցության կոչել մեր համաքաղաքացիներին:

Հորդորում եմ ծնողներին՝ տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, հարկ եղած դեպքում դուք վարեք մեքենան, զանգվածային միջոցառումների ժամանակ համագործակցեք ուսուցիչների, ոստիկանության ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Շրջանավարտներին կոչ եմ անում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:

Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու զանգվածային միջոցառումների վայրերում, ողջ ծավալով ապահովելու են հասարակական կարգը, պահպանելու են միջոցառումների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:Դրսևորելով օրինաչափ խստություն ու պահանջկոտություն՝ հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:

Ակնկալելով մեր քաղաքացիների աջակցությունը՝ կրկին կոչ եմ անում ոստիկանության հետ միասին անել առավելագույնը մեր երեխաների տոնը որևէ անցանկալի միջադեպով չմթագնելու համար:

Կրկին շնորհավորում եմ «Վերջին զանգի» տոնի առթիվ և բարի ճանապարհ, սիրելի՜ շրջանավարտներ:


Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ