Հրատապ լուրեր:

Կինոյի տան բուխարու սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Աննե Մարիի գրքերի շնորհանդեսը


, | Հրապարակվել է: 07:52 PM, May 24, 2019

IMG

ՀԵՐԹԱԿԱՆ ՋԵՐՄ ԵՐԵԿՈՆ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀՈՒՄ

Մայիսի 21-ին Կինեմատոգրաֆիստների միության Բուխարու սրահը բազմամարդ էր: Հավաքվել էին հայտնի մտավորականներ, գրողներ, հրատարակիչներ, արվեստագետներ, ընթերցողներ: Տեղի ունեցավ բանաստեղծ,  հրապարակախոս Աննե Մարիի «Քո և քո միջև» և «Այս լույսը թավշե» գրքերի շնորհանդեսը: Երեկոն  անցավ պոեզիայի և մտքի, լույսի և ջերմության առատությամբ: Առաջին գիրքը թևավոր խոսքերի ընտրանի է, իսկ երկրորդը՝ բանաստեղծական ժողովածու: Ելույթ ունեցավ գրքի ձևավորող-նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը և պատմեց, թե ինչպես է աշխատել գրքի վրա, ինչպիսի տպավորություններ է ստացել Աննե Մարիի պոեզիայից: Նա գրքի շապիկի համար ընտրել է հենց թավշե կանաչը, վերնագիրն ու բանաստեղծական շարքերի անունները վրձնել գեղագիտական հատուկ մոտեցումներով: Որպես բանախոսներ հանդես եկան բանաստեղծներ Բենիկ Ստեփանյանը / «Այս լույսը թավշե» ժողովածուի սրբագրիչը / և Մարգարիտա  Վարդանյանը: Աննե Մարիի ստեղծագործության շուրջ իրենց կարծիքը հայտնեցին գրող, հրապարակախոս Ասատուր Փաշայանը, հրատարակիչ Գագիկ Վարդանյանը, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, ԱՄՆ-ից արձակագիր Մարգարիտ Դերանցը: Երկու ժողովածուներից բանաստեղծություններ ներկայացրեց դերասանուհի Անուշ Գալստյանը: Կոմիտասյան երգեր հնչեցրեց միջազգային մրցույթների դափնեկիր Ստեֆանի Քոչարյանը: Կոմիտասի «Հորովել»-ով բանաստեղծուհուն անակնկալ մատուցեց Վիլին Գրիգորյանը: Երեկոն վարեց բանասիրության թեկնածու, գրաքննադատ Անի Փաշայանը: Նա ներկայացրեց երկու ժողովածուների գեղարվեստական արժանիքները և հարցեր ուղղեց հեղինակին: Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև գրքերի հեղինակ Աննե Մարին: