Հրատապ լուրեր:

Վաղուց հավատում եմ, որ արժեքները չեն կարող տնտեսական լինել։ Դրանք բարոյական են, թելադրվում են մեր մաքուր խղճից։ Վարազդատ Կարապետյան


, | Հրապարակվել է: 07:34 AM, June 04, 2019

IMG

ՀՀ ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ներքոշարադրյալ տեքստը նվիրվում է սիրելի Աշոտ Խուրշուդյանին։ 
Սիրելի ընկեր, քո հարցադրումներին եմ այստեղ անդրադառնում։ 
֊Ո՞ր տնտեսական արժեքներով ենք առաջնորդվում։ 
Վաղուց հավատում եմ, որ արժեքները չեն կարող տնտեսական  լինել։ Դրանք բարոյական են, թելադրվում են մեր մաքուր խղճից։ Ու մարդկային հարաբերությունների տնտեսական կողմը նույնպես պետք է ենթարկվի խղճի թելադրանքին։ 
Եվ եթե տնտեսական հարաբերությունների որևէ արժեք հակասում է մաքուր խղճի արժեքներին, ապա դրանք պետք է բացառել, մերժել։ 
Մարդուն կամ մարդու ստեղծարար աշխատանքը տնտեսական ռեսուրս կամ արտադրության միջոց դիտարկելը ուղղակիորեն այդ մերժելի շարքից է։ Այս առումով աշխատանքի արտադրողականությունը և դրանից բխող վարձատրությունը կեղծ կատեգորիաներ են, որոնց հիման վրա զարգանում է ժամանակակից ինդուստրիալ հանրությունը։ 
Մարդկային ստեղծագործությունը, ստեղծարար բարեգործությունը չեն կարող տնտեսական կաղապարների մեջ դիտարկվել. դրանով մեր արարչագործության մաքուր աղբյուրը պղծում ենք։ 
Ստեղծարար աշխատանքը և բարիքի ստեղծումը նպատակ է, այլ ոչ միջոց։ 
Այս դրույթը ամբողջությամբ փոխում է արտադրական գործոնների, աշխատանքի և դրա արտադրողականության, տնտեսական  հարաբերությունների որակը։ 
֊ Ո՞ր տեսությամբ առաջնորդվենք։ 
Մեր սրտի տեսությամբ,  մեր սրտի տեսածով՝ մեր աչքերն ու տեսություններ ստեղծող գլուխը խոնարհելով դեպի ամենատես իմաստուն սիրտը։ 

Էսքանից հետո մեկ տողով՝ մենք աստիճանաբար պետք է բարիքի և դրա արարման հարկումը փոխարինենք չարիքի և դրա արտադրության  հարկմամբ։ 

Ինչու՞ համահարթ։ 
Ինչու՞ ավել ստացողը ավելի մեծ մասով չմասնակցի հանրային բարիքի ստեղծմանը։ 
Պետությունը հանրային բարիք է արարում։   Բարիք,  որը ամեն մեկս առանձին չենք կարող ստեղծել կամ դրա վրա ավելի շատ ժամանակ ու միջոցներ կվատնենք։ 
Որպեսզի ավել ստացողը ավելի մեծ մաս վճարի, երկու հարթություն կա դիտարկման՝
֊ Գուցե՞ ավել ստացողը հանրային բարիքից ավելի մեծ համամասնությամբ է օգտվում։ Կամ՝
֊ Գուցե՞ ավել ստացողը ՑԱՆԿԱՆՈՒՄ է ավելի մեծ մասնակցություն ունենալ հանրային բարիքի ստեղծմանը։ 
Առաջին  պնդումը տեղի կունենար, եթե մեր երկրում աշխատավարձը հարստացներ և հնարավորություն ընձեռեր կապիտալ կուտակել։ Դա բացառվում է։ Մեր երկրում ավելացվող արժեքի մեջ եկամտային  հաշվարկով աշխատանքի վարձատրությունը փոքր մաս է կազմում։ 
Երկրորդ պնդումը՝ ավել վճարելու ցանկության մասին է։ Սա մարդկանց արգելված չէ, և այս մոտեցման ջատագովները միշտ կարող են ավել վճարել. անարգել։ 

Նյութը այստեղ  շարադրել դժվար է։ Հատկապես՝ գիշերը և երկու մատով։ Ընթացքում էլի կանդրադառնամ այս հարցերին։ Հատկապես՝ թե ինչու պետք է հարկենք կապիտալը՝ որպես նախկինում տեղի ունեցած աշխատանքի կուտակում։