Հայաստանում մեկնարկում են երեք միջազգային երաժշտական փառատոներ


AzatutyunTV, | Հրապարակվել է: 06:14 PM, June 04, 2019

IMG

Առաջիկա օրերին մեր երաժշտասերները հնարավորություն ունեն մասնակցել մի շարք արդեն ավանդական դարձած ուշագրավ երաժշտական փառատոների:

Դրանցից առաջինը՝ մեր լավագույն կոմպոզիտորներից Ալեքսանդր Հարությունյանի անունը կրող փողային գործիքների 3-րդ միջազգային փառատոնը գալա- համերգով կմեկնարկի վաղը՝ մայիսի 30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգը կղեկավարի Միացյալ Նահանգներից ժամանած դիրիժոր Ալեքսանդր Րաբին: Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ գալա- համերգին հանդես կգան նաև այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպիսիք են Ագատա Իգրասը (ֆլեյտա), Մարտին Ֆրուտիգերը (հոբոյ), Բլանկա Կերեկեշը (ֆլեյտա) և ուրիշներ:

Ուշագրավ է, որ Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 3-րդ միջազգային փառատոնի բացման համերգի ընթացքում կնվագի նաև ՀՀ-ում Ճապոնիայի լիազոր և արտակարգ դեսպան Ջուն Յամադան:

Փառատոնը կտևի մինչև հունիսի 5-ը:

Իսկ հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը նրա անունը կրող համերգասրահում արդեն 15-րդ անգամ կմեկնարկի Արամ Խաչատրյան մրցույթ -փառատոնը, որի ընթացքում մեկ շաբաթ մեր երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներից ժամանած մինչև 30 տարեկան լավագույն երաժիշտ - կատարողների: Այս տարի մրցույթը մասնակցության ավելի քան 80 հայտ է ստացել:

Մինչ այդ՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը կրկին Կամերային երաժշտության տանը կսկսվի պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» միջազգային 9-րդ փառատոնը, որին այս տարի մասնակցում են 5 տասնյակ պատանի երաժիշտներ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Լատվիայից, Իսպանիայից և ԱՄՆ -ից:

Փառատոնի հիմնադիր նախագահը Սիլվա Մեքինյանն է, ով դեռ 30 տարի առաջ Հայաստանում տաղանդաշատ պատանի երաժիշտների բացահայտման նպատակով ստեղծեց «Նոր անուններ» ծրագիրը և այս ծրագրի հիման վրա էլ 9 տարի առաջ հիմնադրեց արդեն այս միջազգային փառատոնը: Այն այս տարի կտևի մինչև հունիսի 4-ը: Փառատոնն անցկացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախնբի աջակցությամբ: