Հրատապ լուրեր:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպանը


, | Հրապարակվել է: 04:47 PM, June 06, 2019

IMG

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաուզ Էլ Աշաբին (նստավայրը՝ ք․Կիև):

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ Ֆաուզ Էլ Աշաբին երկար տարիների իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման գործին:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ու Մարոկկոն, որպես հազարամյակների պատմություն ունեցող երկրներ, համագործակցության չիրացված մեծ ներուժ ունեն, որը կարիք ունի բացահայտման:

Խոսելով երկկողմ փոխշահավետ համագործակցության մասին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես հեռանկարային է համարել բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվության կառավարման, արհեստական բանականության ոլորտները: Երկու երկրների հարաբերությունների զարգացման ու փոխադարձ ճանաչելիության տեսանկյունից զրուցակիցները կարևոր են համարել նաև զբոսաշրջության զարգացումը: