Հրատապ լուրեր:

«Ոչ թե երգը գողացել եմ, այլ երկրորդ շունչ եմ տվել»․ ինչո՞ւ է Youtube-ից հեռացվում երգիչ Գևորգ Մարտիրոսյանի նոր երգը:


, | Հրապարակվել է: 11:51 AM, June 24, 2019

IMG

Օրեր առաջ երգիչ Գևորգ Մարտիրոսյանի Youtube-յան ալիքում , ինչպես նաև ինստագրամյան էջում հայտնվեց նոր՝ «Ո՞վ է նա» երգի տեսահոլովակը: Այս երգը տարիներ առաջ մեծ հնչողություն էր վայելում, սակայն ժամանակի ընթացքում այն մոռացության մատնվեց, և երբ երգը հայտնվեց համացանցում՝ բոլորի մոտ նոստալգիկ տրամադրություն առաջացրեց ու սկսեց լայն տարածում գտնել։

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր մանկության տարիների սիրելի երգերից է եղել ու գեղեցիկ հուշեր կան կապված այդ երգի հետ: Այս ամենը հաշվի առնելով, որոշեց նոր շունչ հաղորդել երգին ու ներկայացնել երգի քավր տարբերակը: Սակայն, մինչ երգը նոր շնչով ներկայացնելը, Գևորգը հեռախոսային կապ է հաստատում երգի հեղինակ-կատարող Արթուր Գալստյանի հետ ու պատմում իր ցանկության մասին:

« Արթուրը շատ ուրախացավ, որ իրեն և երգը հիշել ենք, ավելին նոր շունչ ենք ցանկանում տալ, ասաց, որ բացարձակ խնդիր չկա։ Եվ ես սկսեցի աշխատել երգի վրա: Մոտ երկու ամիս տևեցին աշխատանքները. երգը ձայնագրեցինք նորովի, նկարահանվեց տեսահոլովակ ու տեղի ունեցավ պրեմերիան»,-պատմեց Գևորգը:

Ու հենց այստեղից էլ սկսվեց ամբողջ պատմությունը: Երգը կարճ ժամանակում մեծ դիտելիություն ունեցավ. գուցե դա՞ եղավ պատճառ, որ Արթուրն սկսեց երգչին մեղադրել գողության մեջ: Ավելին՝ տեսահոլավակը յութուբյան էջից ջնջեց, պատճառաբանելով, որ խախտել են իր հեղինակային իրավունքները:

« Պրեմիերայից անցել էր մի քանի օր, Ֆբ-ով հանկարծ ինձ մի կին է գրում, շատ անպատիվ խոսքեր ասում, թե՝ գող եմ, իրավունք չունեմ երգելու Արթուրի երգերը և այլն: Ես փորձում եմ կնոջը բացատրել, ասել, որ Արթուրը ամեն ինչից տեղյակ է, սակայն նա ոչ մի բան լսել անգամ չէր ուզում, ու անընդհատ կրկնում, որ գող եմ: Հաջորդ օրն իսկ կապվում եմ Արթուրի հետ, նա միանգամից սկսում այս խոսքերով՝ բա Գևորգ ջան, լավ բան չեղավ, այս ի՞նչ արեցիր, դու այլ երգի մասին էիր ասում և այլն։ Սակայն, ես Արթուրին հիշեցրեցի մեր խոսակցությունը, ավելին՝ իր այն խոսքերը, որ այդ երգը ժամանակին քավր տարբերակով երգել է նաև "Հայ Տղերքի" Միշոն։ Նա սկսեց արդարանալ, թե հեռախոսային խոսակցության ժամանակ կապը լավ չէր ու չի հասկացել, որ խոսքն այս երգի մասին է»,-պատմեց Գևորգը:

Երգիչն ասում է, որ նրանք այդպես էլ չեկան համաձայնության, չնայած այն բանի, որ փորձել է բացատրել իրավիճակը։ Ասել է, որ երգի ստեղծման համար ջանքեր, հոգի ու ֆինանսներ են ներդրվել՝ և ի դեպ. Արթուրը դեռ երկու ամիս առաջ տեղյակ է եղել ամենից։ Իսկ Արթուրը միևնույն է իր ասածն է պնդել: « Ես հիմա հարց եմ ուղղում. եթե երգը գողացել եմ, հետևաբար որևէ տեղ կամ կերպ չէի նշի հեղինակին>>։

Տեսահոլովակում, բոլոր իմ հարցազրույցներում ասում եմ, թե ով է երգի հեղինակ-կատարողը: Հիմա դուք ինձ կարող եք բացատրել, թե որտե՞ղ է գողություն ասվածը: Ու մի շատ կարևոր բան. աշխարհում ընդունված կարգ է՝ քավր տարբերակներ երգելը: Եվ որևէ տեղ գրված չէ, որ հեղինակին անպայման պետք է տեղյակ պահել։ Եթե այդպես լիներ, ապա աշխարհահռչակ հիթերը չէին ունենա քավր տարբերակներ, իսկ մեգա-աստղերը անընդհատ դատական քաշքշուկների մեջ կլինեին:

Ես այս պարագայում ոչ թե երգը գողացել եմ , այլ երկրորդ ծնունդ եմ տվել »,-եզրափակեց մեր զրույցը Գևորգ Մարտիրոսյանը:

Ի դեպ, կողմերը պատրաստվում են այս ամենը վիճարկել դատարանում: