Հրատապ լուրեր:

ԻՆՉՊԵՍ ՀԵՏ ԲԵՐԵԼ ԹԱԼԱՆՎԱԾ ՓՈՂԵՐԸ ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏՈՒԳՈՒՄ


, | Հրապարակվել է: 03:44 PM, June 28, 2019

IMG

Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԻՆՉՊԵՍ ՀԵՏ ԲԵՐԵԼ ԹԱԼԱՆՎԱԾ ՓՈՂԵՐԸ ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏՈՒԳՈՒՄ...
Հպանցիկ ծանոթացա ՛՛Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծին:
Պատկերավոր ասած, մինչև 50 միլիոն դրամ արժողությամբ նշված օրենքի տրամաբանությամբ ենթադրաբար ապօրինի գույք ունեցողները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ օրենքի նախագծով ամրագրվել է, որ եթե ամփոփագրի հիման վրա հնարավոր չէ ողջամտորեն եզրակացնել, որ առկա է սույն օրենքում նախատեսված շեմը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույք /50 Միլիոն ՀՀ դրամ/, իրավասու մարմինը /Դատախազությունը/ որոշում է կայացնում բռնագանձման վարույթը դադարեցնելու վերաբերյալ։

Օրենքի նախագծի 7-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն, ըստ էության, կկիրառվի միայն նշված հոդվածով ամրագրված պայմանների առկայության դեպքերում, ինչը, իմ խորին համոզմամբ, սահմանափակելու է ուսումնասիրության շրջանակները, ինչպես նաև պատուհան է ստեղծելու հայեցողական և ընտրովի վարքագծի իրականցման համար, որպիսի պայմաններում այն դառնալու է շահարկման առարկա:

Այս հնարավորությունը բացառելու համար առավել ցանկալի կլիներ հստակեցնել նույն օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով ամրագրված ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ և ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁ հասկացությունները՝ առավել հստակեցնելով դրանց շրջանակը:

Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ հայցային վաղեմության ժամկետների կարգավորումները շատ ճիշտ են ներառվել նախագծում՝ ընդգծելով, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ իրավասու մարմինն իմացել է կամ պետք է իմանար ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին՝ անկախ դրա սույն օրենքի ընդունումից առաջ կամ հետո ընկած լինելուց:

Սա նշանակում է, որ դատախազությունը կաշկանդված չի լինելու որևէ ժամկետով, իսկ այս օրենքի գործողության սահմանները, իմ կարծիքով պետք է սկսվի 1990 թվականի օգոստոսի 23-ից՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվանից, որպեսզի բացառվի որևէ շահարկում որևէ քաղաքական ուժի կողմից:

Այդուհանդերձ, նկատի ունենալով օրենքի 7-րդ հոդվածով ամրագրված պայմանների առկայությունը, իմ կարծիքով, օրենքն ամբողջությամբ չի լուծելու այն բոլոր խնդիրները, որի իրականացման համար պետք է ընդունվի:
Շատ ավելի ճիշտ կլիներ կոնկրետ և ուղղակի սահմանել, որ պաշտոնատար անձանց մասով օրենքն առանց որևէ պայմանի, անխտիր տարածվելու է 1990թ. օգոստոսի 23-ից մինչև օրս որևէ ժամանակահատվածում պաշտոնավարած բոլոր պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց վրա:

Այսպիսի իրավակարգավորումը հնարավորություն կտար իրավասու մարմին՝ սկսելու ուսումնասիրություն նշված ժամանակահատվածից մինչև օրս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձանց ենթադրյալ ապօրինի գույքի հայտնաբերման և նշված օրենքով սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու համար:

Սա կլիներ իսկական ԲԵԿՈՒՄ, պատկերավոր ասած, կլիներ համընդհանուր ստուգում, թե անկախությունից ի վեր այդ ո՞ր պաշտոնյաներն են ձեռք բերել ապօրինի գույք և հարստացել պետության ու ժողովրդի հաշվին:

Վստահ եմ, որ այս քայլի իրագործումից հետո մենք կփակեինք մեր պատմության այս մռայլ էջը և լավատեսորեն կշարժվեինք առաջ, այն խորը համոզմամբ, որ այլևս որևէ մեկի մտքով չանցներ թալանել պետության ու հասարակության ունեցվածքը:

Ի դեպ, այս տարիների ընթացքում որևէ պաշտոն զբաղեցրած և որևէ ապօրինի գույք ձեռք չբերած պաշտոնյաները վախենալու բան չպետք է ունենան: 

Ճիշտ հակառակը, իրենք պետք է նախանձախնդիր լինեն, որ ստուգման ենթարկվեն բոլորը: