Հրատապ լուրեր:

Կարգազանց վարորդների նկատմամբ հանդուրժողություն չի կարելի ցուցաբերել (տեսանյութ)


Araratnews.am, | Հրապարակվել է: 12:14 PM, July 11, 2019

IMG

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարին: Նա ընդգծեց՝ ողբերգական այդ իրադարձությունների հետևանքով մեծ թվով զոհեր ունեցանք:

«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծը ԱԺ-ում է, կարծում եմ՝ Ազգային ժողովի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորություն ունենալ շուտ այդ նախագիծը ընդունել: Կառավարությունը և ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն հասարակական կազմակերպությունների հետ: Հիշում եք՝ մի անգամ այդ թեմայով խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ, երբ հնարավորություն պիտի ընձեռեինք համապատասխան ծրագրային ապահովումով, որ քաղաքացիները նույնպես կոպիտ խախտում արձանագրել և ոստիկանություն ուղարկել կարողանան»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ տեղյակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը, և ոստիկանությունը տեղյակ է այդ աշխատանքից: Վարչապետն ասաց՝ այստեղ խնդիրը պետք է հստակ արձանագրել, որ քաղաքական կամքը և որոշումը կա, այստեղ հարցն այդ որոշման տեխնիկական մասը ապահովելն է, որ համապատասխան ծրագրային ապահովում լինի, որ այդ գործողություններն ինչ-որ ընթացակարգով մտնեն սովորական առօրյայի մեջ:

«Պետք է արձանագրենք, որ հիմա հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի բարձր վերահսկողություն: Հատկապես 2018-2019թթ. ՀՀ-ում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել, աներևակայելի թվով ավտոմեքենա կա, մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, դա իր հերթին բերում է մարտահրավերներ, ու դրանց արձագանքը պետք է լինի, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ, պետք է հաշվի առնել, վերջին դեպքերը ցույց տվեցին՝ այդտեղ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մեր երեխաների, մեր հայրենակիցների անվտանգության մասին է»,- նշեց Կառավարության ղեկավարը:

Տեսանյութը՝ քիչ  անց