Հրատապ լուրեր:

«Ես էլ կարող եմ այնպես արտահայտվել, որ դիմացինս թպրտա…». Արսեն Սաֆարյանը զսպվածության կոչ է անում Արեն Մկրտչյանին


GalaTv.am, | Հրապարակվել է: 06:42 PM, July 11, 2019

IMG

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր շոու բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկեր վճարելու թեմային:

Պատգամավորը մասնավորապես նշել էր. «Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ-պապիկներից ոչնչով առավել չեք»։

Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցեց երգիչ Արսեն Սաֆարյանի հետ:

«Մենք միշտ էլ հարկեր վճարել ենք, էդ վերջին հայտարարությունները, թե շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկեր չեն վճարում, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց երաժիշտը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ կերպ են վճարել հարկերը, երգիչն արձագանքեց. «Բոլոր համերգներից էլ, ամեն տոմսից էլ կամ մենք ենք վճարել, կամ մեր կազմակերպությունը համագործակցել է տարբեր դահլիճների, համերգը կազմակերպող տարբեր մարդկանց հետ, ովքեր ամեն տոմսից էլ հարկեր են վճարել: Այդպես պետք չէ նայել, որ ընդհանրապես ոչինչ չի արվել»:

Դիտարկմանը, թե խոսքը ոչ միայն համերգների, այլև տարբեր միջոցառումներում երգելու և դրանց միջոցով հավելյալ գումար վաստակելու մասին է, երգիչն արձագանքեց.

«Խնդրեմ, սարքեք մեխանիզմը, մենք էլ այդ մեխանիզմով շարժվենք, բայց ոնց հասկացա, հենց իրենք էլ չեն պատկերացնում մեխանիզմը»:

Սաֆարյանի խոսքերով՝ հայտարարություն անելուց առաջ պետք է ուսումնասիրել բնագավառն ամբողջությամբ:

Ինչ վերաբերում է պատգամավորի հայտարարությանը, Արսեն Սաֆարյանն ասաց.

«Իր գրելու տոնը հետաքրքիր չէր, այսինքն չի կարելի այդպիսի արտահայտություններ թույլ տալ, որովհետև դու խոսում ես մարդկանց մասին, ովքեր տարիներով աշխատել են իրենց բնագավառում և արդյունքներ են գրանցել: Դա դուր է գալիս ինչ-որ մարդկանց, թե ոչ, այլ խնդիր է»:

Երգիչն ընդգծեց նաև՝ հարկեր վճարելու գաղափարին բոլորն էլ կողմ են, բայց պետք չէ այդ կերպ արտահայտվել, հակառակ պարագայում կարող են նաև իր հասցեին նման կերպ արտահայտվել:

«Ես էլ կարող եմ այնպես արտահայտվել, որ դիմացինս թպրտա, բայց պետք է բոլորս զուսպ արտահայտվենք, եթե ասելիք ունենք, ձևակերպենք քաղաքակիրթ ձևով»: