Հրատապ լուրեր:

«Սեւան ազգային պարկում» վերջին տարիների գործողությունների համար հարուցվել է մոտ 50 քրգործ. նախարար


, | Հրապարակվել է: 06:52 PM, July 11, 2019

IMG

«Սեւան ազգային պարկ» ոչ առեւտրային կազմակերպությունում վերջին տարիների գործողությունների համար հարուցվել է մոտ 50 քրեական գործ։ Այս մասին հուլիսի 11-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կատարվում են քննչական գործողություններ, հարուցվել է քրեական գործ Արփա-Սեւան թունելի շինարարության ժամանակ բացահայտված խախտումների վերաբերյալ, ինչպես նաեւ ջրօգտագործողների ասոցիացիայի հանդեպ՝ կապված ջրի պահանջարկի ավելացման եւ կեղծված փաստաթղթերի հետ։

Նա նշել է, որ ուսումնասիրվել է 770 հա տարածք, որտեղ երկու տարվա ընթացքում իրականացվելու են մաքրման աշխատանքներ։ Կա 2012 թվականի եզրակացությունը, որով նախատեսվել էր աշխատանքներ իրականացնել 700 հեկտար տարածքի վրա, սակայն աշխատանքները չեն կատարվել։ «Օրինակ, Վարդենիսում կատարվել է աշխատանքների մոտ 30 տոկոսը, նույնն է իրավիճակը Արտանիշում։ Այսինքն՝ պետությունը փող է հատկացրել, բայց աշխատանքները կատարվել են անբավարար մակարդակով»,- պարզաբանել է Գրիգորյանը՝ ավելացնելով, որ 2011-2017 թվականների բոլոր տվյալները հանձնվել են Գլխավոր դատախազություն։

Նախարարը հիշեցրել է, որ երեք քաղաքներում՝ Մարտունիում, Վարդենիսում, Գավառում, կան մեխանիկական մաքրման կայաններ։ Կառավարությանը ներկայացվել է առաջարկություն՝ հասկանալու համար, թե որքան փող կպահանջվի կենսաբանական մաքրման կառույցների տեղադրման համար այդ երեք քաղաքներում։ «Ներկայում կատարվում են գետի մաքրման հետազոտություններ։ Պայմանավորվածություն կա վարչապետի աշխատակազմի հետ, որպեսզի հաշվեն ծախսերը։ Դրանից հետո փող կստանանք»,- ավելացրել է պաշտոնյան։

Նախարարի տվյալներով՝ Մարտունիում եւ Վարդենիսում մաքրման կայանների կառուցման համար կպահանջվի 888 մլն դրամ, Գավառում՝ 1 մլրդ 186 մլն դրամ։ «Աշխատանքներ են տարվում գերմանական ԳՀԻ-ների եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ բարձիթողի պոչամբարների վերացման համար, որոնց թիվը Հայաստանում կազմում է 50։ ԵՄ-ից ստանում ենք ֆինանսավորում 5 մլրդ դրամի չափով այն պոչամբարների համար, որոնցում արդեն իրականացվել են հետազոտություններ։ Ընդ որում՝ այդ աշխատանքները արմատապես կտարբերվեն նախկինում եղածից, եւ դա միայն աղբը հողով ծածկելը չի լինի։ Հարկավոր է նաեւ հասկանալ, թե որքանով է անասնաբուծությւոնը Սեւանի հարակից տարածքում ազդում լճի էկոհամակարգի վրա։ Բացի այդ, տարվում են աշխատանքներ ռեստորանային համալիրների հետ, որպեսզի նվազագույնի հասցվեն թափոնները»,- բացատրել է Էրիկ Գրիգորյանը։

Նախարարն ավելացրել է, որ մաքրման աշխատանքները կարող են տեւել 1-2 տարի, իսկ Սեւանի ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ 1901 մետր նույնպես կտեւի 2 տարի։