Հրատապ լուրեր:

Մի տեսակ իներտ զանգված կա, որ սպասում է երկնային հրաշքի ու կախարդական փայտիկի շարժումին՝ «Նստել թախտին, սպասել բախտին»


, | Հրապարակվել է: 02:36 PM, July 12, 2019

IMG

Վրեժ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Խեղճություն
   Գիտե՞ք որն է իսկական խեղճությունը: Խղճուկ վիճակը դեռևս խեղճություն չէ, դա իրավիճակ է... Խեղճը նա չէ, ով հանգամանքների բերումով հայտնվել է խղճուկ ու անօգնական վիճակում, բայց ամեն ինչ անում է այդ վիճակից դուրս գալու համար: Իրականում խեղճը նա է, որ մտածում է՝ ինքը խեղճ է, ոչինչ չի կարող անել, սպասում է, որ «Աստված» իրեն կհանի այդ վիճակից, որ մարդիկ իրեն կխղճան, ողորմություն կտան, այդպես էլ յոլա կգնա... Դա արդեն հոգեվիճակ է, էություն... Առաջին դեպքում խեղճությունը սեփական ուժերով հաղթահարելի իրավիճակ է, իսկ երկրորդ պարագայում խեղճությունը կործանարար ողբերգություն է: 
   Այսօր այս երկու իրավիճակն ու հոգեվիճակն էլ կան Հայաստանում, սակայն մեր երիտասարդների վճռականությունն ու հավատը բարեբախտաբար ավելացնում են խեղճությունը սեփական ուժերով հաղթահարելու կողմնակիցների թիվը: 
   Իսկ մի տեսակ իներտ զանգված կա, որ սպասում է երկնային հրաշքի ու կախարդական փայտիկի շարժումին՝ «Նստել թախտին, սպասել բախտին»: Մի հետաքրքիր անեկդոտ կա: Խիստ աստվածապաշտ մեկը ծովում ալեկոծության մեջ է ընկնում: Աստծուն խնդրում է, որ իրեն փրկի խեղդվելուց: Այդ պահին կողքին հայտնվում է մի նավակ, վարողն առաջարկում է նստել, խեղդվողը ասում է՝ «Դու գնա՛, աստված ինձ խոստացել է փրկել»: Քիչ հետո մի նավակ էլ է հայտնվում և առաջարկում նստել: Նույն ձևով խեղդվողը մերժում է երկրորդին: Ալիքներն ավելի են ուժեղանում, ծանր պահ է: Մոտենում է երրորդ նավակը և առաջարկում է փրկվել: Դարձյալ մերժում է կույր հավատացյալը՝ «Չէ՛, դու էլ հեռացի՛ր, աստված խոստացել է ինձ փրկել»: Իվերջո՝ հիմար մարդը խեղդվում է, հոգին էն աշխարհում գնում է աստծու մոտ և խռովկան դիմում է՝ «Տե՛ր աստված, ես քեզ այդքան պաշտում եմ, դու էլ ինձ խոստացար փրկել, բայց խեղդվեցի...»: Աստված պատասխանում է՝ «Այ անմի՛տ, բա էդ երեք նավակները ու՞մ համար էի ուղարկել, նստեի՛ր...»: Է~, խեղդվողների փրկությունը լողալ սովորելու մեջ է:
   Ցավոք՝ այսօր շատերն են այդպես մտածում՝ «Իմ գործը չէ, աստված կփրկի: Թող մնացածներն էլ երկիրը կարգավորեն, պայքարեն, ինչ ուզում են անեն, ես էլ կողքից կհայհոյեմ կամ կանիծեմ... Իսկ խռովահույզ Հայաստան ծովում փրկարար նավակները պտտվում են բազմաթիվ խեղդվողների կողքերը և երբեմն դատարկ հեռանում...
   Իրո՛ք որ՝ տգետ խեղճությունը ամենավտանգավոր չարիքն է...