Հրատապ լուրեր:

Բալետի այցը Ազգային գրադարան


, | Հրապարակվել է: 09:11 PM, July 27, 2019

IMG

Հայնրիխ Հայնեի Ժիզելին, Պրոսպեր Մերիմեի Կարմենին, անգամ Ռաֆայելլո Ջովանյոլիի Սպարտակին ու շատ այլ գրական հերոսների անմահացրել է բալետը: Իսկ այսօր բալետն այցելել էր գրքին: 


💃🕺Հայաստանի ազգային գրադարանը մի պահ արքայական պալատ էր հիշեցնում՝ հեքիաթային հերոսներով: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները՝ գլխավոր մենապարող, միջազգային մրցույթների բազմակի հաղթող Րաֆֆի Գալստյանը, 2019-ին Իտալիայի Սպոլետոյի միջազգային պարի մրցույթի հաղթող Մուշեղ Ավետիսյանը, բալետի մենապարուհիներ Տաթևիկ Բոլշիկյանն ու Կարինե Շիկանյանն էին հանդերձավորվել որպես Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի հերոսներ և բալետային ֆոտոշարք էին անում Ազգային գրադարանում:

📚🎶«Չէ՞ որ բալետի հիմքում գրականությունն է, լիբրետտոն գրական հենքով է, և պատահական չէ, որ բալետի հանրայնացումը որոշեցինք սկսել հենց  գրադրանից՝ այսպիսով ընդգծելով արվեստի այդ երկու ճյուղերի սերտ կապը: Այսօր, վիրտուալացման, վիզուալացման այս դարում շատ կարևոր է երիտասարդներին ընթերցանությանը, երաժշտությանը մոտեցնելը, նրանց արվեստի հետ կապելու նոր ձևեր գտնելը»,- նշում է բալետի մենապարուհի Կարինե  Շիկանյանը: 

📸🏤«Ազգային գրադարանի ներքին հարդարումը, դիզայնը շատ տրամադրող են, ոգեշնչող, իսկ գրադարանի մթնոլորտը նպաստում է  գաղափարների իրագործմանը, այնպես որ մենք չէինք կարող առիթը բաց թողնել»,- ավելացնում է գլխավոր մենապարող, միջազգային մրցույթների բազմակի հաղթող Րաֆֆի Գալստյանը:

Մշակութային օջախներից Ազգային գրադարանն առաջինն էր, որտեղ արտիստներն իրականացրին արվեստը հանդիսատեսին մոտեցնելու իրենց գաղափարը: Նրանք մտադիր են նման շարք անել նաև Հայաստանի ազգային պատկերասրահում, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում և այլն: