150 դեղատներում իրականացված ստուգումներից պարզ է դարձել, որ 80-ից ավելի դեղատներում աշխատողների մեծ մասը չի համապատասխանում դեղագետի որակվորմանը: Էդգար Խուրշուդյան


, | Հրապարակվել է: 04:05 PM, August 02, 2019

IMG

Այս տարի Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ)-ի կողմից հարուցված վարույթների քանակը 4-4,5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։  Նախկին 208-ի փոխարեն այս տարի հարուցվել է 1100 վարույթ։ Այդ մասին նշեց Տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Մեծ քանակությամբ վարույթներ են հարուցվել՝ կապված դեղերի սխալ ներմուծման, փաթեթավորման եւ կեղծ դեղորայքի հետ։

Խուրշուդյանի կարծիքով՝ խնդիր ավելի խորքային է, քանի որ դեղերի ներմուծման նոր կարգը բազմաթիվ խոչընդոտներ է առաջացնում։  Նա նաև նշեց, որ Առողջապահության նախարարության կողմից մշակված դեղերի ներմուծման կարգի հետ կապված՝ Տեսչական մարմինը առաջարկությունների մեծ փաթեթ է ներկայացրել, որից միայն փոքր տոկոսն է ներառվել։ Սակայն, նրա խոսքով, առաջարկությունները հաշվի առնելու պարագայում այս պահին կունենայինք տնտեսվարողին հարմար և չխոչընդոտող ամբողջական կարգեր։

«Ընդհանուր առմամբ՝ տուգանքների չափը գերազանցում է 300 մլն դրամը, որի հիմնական մասը կապված է դեղերի շրջանառության խախտումների հետ։ Խախտվել են նաեւ աշխատանքի, սանիտարահամաճարակային կանոնները։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ միասին՝ ուսումնասիրվել են ՀՀ-ում գործող 330-ից ավել գազալցակայանների և բենզալցակայանների սանհանգույցները, ինչի արդյունքում պարզվել է, որ 90 տոկոսից ավել դեպքերում սանհանգույցները չեն  համապատասխանում կանոններին։

Արդյունքում այժմ շատ տնտեսվարողներ վերանորոգել կամ կառուցել են սանհանգույցներ, իսկ մայրուղիների շրջակայքում մաքուր սանհանգույցներ ունենալը զբոսաշրջության զարգացման համար շատ կարևոր պայման է»,- ասաց նա։

Էդգար Խուրշուդյանը նաև նշեց, որ 150 դեղատներում իրականացված ստուգումներից պարզ է դարձել, որ 80-ից ավելի դեղատներում աշխատողների մեծ մասը չի համապատասխանում դեղագետի որակվորմանը , չունեն աշխատանքային պայմանագիր։

Անդրադառնալով իր եւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լարված հարաբերությունների մասին խոսակցություներին՝ նա նշեց, որ իր շփումը  նախարարի հետ աշխատանքային է։

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին շրջանառվող խոսակցություններին՝ նա նշեց, որ այսօրվա դրությամբ ինքը փաստացի աշխատում է, և վարչապետի կողմից նման հրաման առայժմ չկա։