Սե՞ր, թե՞ քուանշ....Պրեմիերա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում


, | Հրապարակվել է: 02:17 PM, August 04, 2019

IMG

Հուլիսի վերջին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Էլֆիք Զոհրաբյանի «Սե՞ր, թե՞ քուանշ» պիեսի բեմադրության առաջնախաղը: Ներկայացման բեմադրիչը թատրոնի երիտասարդ դերասան Ժիրայր Գաբրիելյանն է: 

Ներկայացման մեջ զբաղված են Մարիամ Ղևոնդյանը, Հակոբ Դեմիրճյանը, Ալլա Դարբինյանը և պիեսի հեղինակը: Երաժշտական ձևավորումն Էրիկ Մարտիրոսյանինն է: 

Փոքր բեմի խաղացանկը թատրոնում աստիճանաբար հարստանում է՝ Լորկայի «Արյունոտ հարսանիք», Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» (առաջնախաղը տեղի է ունեցել հունիսի 28-ին, բեմադրիչ՝ Արեն Օսիպյան), ըստ Մարկեսի՝ «Ես միայն զանգահարելու էի եկել» (առաջնախաղը տեղի ունեցավ բոլորովին վերջերս՝ հուլիսի 23-ին, բեմադրիչ՝ Մարիամ Մնացականյան), և «Սե՞ր, թե՞ քուանշ»: 


Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց, որ ներկայացման հաջողության մեջ կարևոր է համարում երիտասարդների՝ սիրով և նվիրումով ստեղծագործելու, աշխատելու անմնացորդ ձգտումը, թատրոնում ինչ-որ բան նոր, չբացահայտված տեղից սկսելու մղումը:

  • Մենք որդեգրել ենք թատրոնի և Վանաձորում, Լոռիում թատերարվեստի զարգացման այլ մարտավարություն՝ երիտասարդացող թատրոն՝ նոր լուծումներով ու երանգներով... Մենք գիտենք, որ ուժեղ է այն ծառը, որի արմատները խորն են թաղված հողում... իսկ բնականոն աճի համար ամենօրյա հոգատարություն է անհրաժեշտ... Մենք սիրում ենք մեր թատրոնը, մեր հանդիսատեսին... Սպասեք նոր ներկայացումների՝ արդեն նոր թատերաշրջանում,-ասաց նա: 

Նա նաև շնորհակալություն հայտնեց ներկայացման հագուստների հովանավոր «Լիլի և Լորդ» խանութ-սրահին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և փոխմարզպետ Գայանե Մարկոսյանին՝ ներկայացման կայացման մեջ իրենց ներդրումն ունենալու համար: 


Մեզ հետ զրույցում գեղխորհրդի անդամները կիսվեցին կարծիքներով: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: 

Ջանիբեկ Ղուկասյան –Ինձ դուր եկավ. և՛ հումոր կար, և՛ ֆարսի մոտիվներ կային, և՛ ռեժիսորի աշխատանքն էր երևում: Հետաքրքիր լուծումներ կան, պրոեկցիան է ճիշտ աշխատում: Դրանք գուցե փոքրիկ դետալներ են, բայց հարստացնում են ներկայացումը: Դերակատարները հաջողված են: Կարծում եմ՝ հանդիսատեսը կընդունի և հաճույքով կգա դիտելու: Շնորհավորում եմ բոլորին: 

Սեյրան Ղամբարյան – Կիսում եմ արտահայտած կարծիքը, բայց մի դիտարկում ունեմ. հերոսուհու համար գողի մուտքն անսպասելի չեղավ, արագ կատարվեց նաև նրանց սիրո ծնվելու պահը: Պիեսում խոսվում է մի կարևոր դրվագի մասին, որը այսօր, կարծում եմ, շատ ակտուալ է և դաստիարակչական միտում ունի, որն անհարկի կրճատված է: Դա այն հատվածն է, երբ հերոսուհին պատմում է, թե ինչպես է տան գույքը վաճառել և ուղարկել սահման՝ որպես օգնություն: Առաջարկում եմ վերանայել և այս հատվածն ընդգրկել ներկայացման մեջ: Նաև այն հատվածները, որտեղ խոսվում է այն մասին, որ հերոսուհին չի գայթակղվում օտար երկրում բարեկեցիկ կյանքով ապրելով և վերադառնում է հայրենիք, և որտեղ հերոսուհին, կաշառելով հերոսին իր սիրո հավատարմությամբ, խոստանում է գողին՝ պատերազմում զոհվելու դեպքում միանալ նրան: 

Մայիս Սարգսյան – Ես այսօր, անկեղծ ասած, հուզվում եմ, որովհետև ես ինձ հպարտ եմ զգում: Հպարտ եմ զգում իմ թատրոնի համար: Այսօր ես շատ դրական լիցքեր և էմոցիաներ ստացա, որ դժվարանում եմ հերթականությամբ արտահայտել: Նախ ուզում եմ շնորհավորել դրամատուրգին: Պիեսին ծանոթ լինելով՝ չէի պատկերացնում, որ այդ փոքրիկ գործից կարելի է այսպիսի մեծ ներկայացում ստանալ: Մեծ, բայց ոչ ծավալի առումով: Սա իր կառուցվածքով բարձր մակարդակի դրամատուրգիա է, իսկական եվրոպական կոմեդիաներին հավասար կոմեդիա է, որը հաջողվել է մեր թատրոնում: Ճիշտ է՝ փոքր բեմում, բայց այսպես էլ շատ լավ աշխատեց ներկայացումը: Հիացած եմ ռեժիսորի աշխատանքով: Շնորհավորում եմ. դեբյուտը կայացավ և բարձր գնահատվեց: Հրաշալի դերակատարումներ էին: Շնորհավորում եմ Մարիամին (Աննա), ուրախ եմ նաև Հակոբի (գող) համար, քանի որ այս դերը համարում եմ նրա դերակատարումների մեջ ամենահաջողվածը: Հետաքրքիր էր նաև հեղինակի դերակատարումը՝ գրոտեսկային մոտեցմամբ: Կարծում եմ, որ այս ներկայացումը այս փոքր բեմում շատ երկար է ապրելու: Բոլորին շնորհավորում եմ:

Ռոզա Մխիթարյան - Այս հաջողությունը բոլորինս է, մեր թատրոնինն է: 

Վրույր Հարությունյան –Այս թատրոնում նոր սերունդ է բոցկլտում, նոր գործեր են ծնվում, և կարող ենք վստահաբար ասել, որ մեր թատրոնը հուսալի ձեռքերում է: Ուրախությամբ պիտի նշեմ, որ թատրոնը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին լիիրավ և լիարժեք դրսևորվելու, աշխատելու, ստեղծագործելու: Այսօր ուզում եմ բոլորիս շնորհավորել և շնորհակալություն ասել խմբին: Սա մայրաքաղաքային մակարդակի ներկայացում է. կարող ենք արտերկրի ցանկացած փառատոնում պարզերես ներկայանալ այս ներկայացումով: 

Թերեզա Շահվերդյան- Մեծ հաճույքով դիտեցի ներկայացումը: Ողջունում եմ և՛ ռեժիսորին, և՛ դերակատարներին, հատկապես հեղինակին: Անչափ ուրախ եմ, որ թատրոնն ունեցավ ևս մի հաջողություն:

Դրական կարծիքներ արտահայտեց նաև դերասանախումբը: 

Էլֆիք Զոհրաբյանը նշեց, որ առանձնահատուկ շնորհակալություն է ուզում հայտնել Լ. Սահակյանին, ով, համառությամբ կանգնելով բեմադրիչի կողքին, ամեն ինչ արեց այս ներկայացման կայացման և հաջողության համար: 

ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, ով նաև թատրոնի գեղխորհրդի փոխնախագահն է, շնորհավորեց՝ նկատելով.

  • Սա այն եզակի դեպքերից է, երբ ստացվել է կատարյալ ներկայացում: Կարծում եմ, որ մի քանի դիտումից հետո շատ բաներ կհղկվեն ու նոր գույներ կստանան՝ ավելի տպավորիչ դարձնելով արդյունքը: Այս իմաստով փոքր բեմը կրկին սկսում է մեզ գայթակղել. հանդիսատեսը տեսնում է հերոսների հոգեվիճակները «խոշորացույցի» տակ: Ի պատիվ դերակատարների՝ ասեմ, որ ոչ մեկն իր նախկին դերակատարումների նման չէ: Սա հաջողություն է և՛ դերասանական, և՛ դրամատուրգիական, և՛ բեմադրական իմաստներով: Ձևավորումը հրաշալի օգտագործվում էր` վերափոխվելով մե՛կ գնդակի, մե՛կ անկողնու, մե՛կ քարի: Այս թատերաշրջանի մեր վերջին աշխատանքն է՝ բոլորովին նոր մակարդակով:

  •