Արթուր Ղազինյանը Ն. Փաշինյանից պահանջում է հրապարակել նրա կողմից մատնանշված 2014 թվականի գաղտնի փաստաթուղթը


, | Հրապարակվել է: 12:51 PM, August 05, 2019

IMG

Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի մասին ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությունը լուրջ քննարկումների առիթ դարձավ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի մասին ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությունը լուրջ քննարկումների առիթ դարձավ Հայաստանի ներքին քաղաքականության մեջ։

Նա իր ուղերձում հղում արեց 2014թ. ինչ-որ գաղտնի զեկույցի վրա, որ պատրաստվել էր ՀՀ նախկին իշխանությունների պատվերով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը հանդիսանում է պետականակենտրոն քաղաքական ուժ, որի համար պետական կառավարման ինստիտուցիոնալիզմը, պետական և ազգային ինստիտուտների արդյունավետությունը, վստահելիությունն ու կանխատեսելիությունն ունի կենտրոնական նշանակություն և կարևորություն, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը այս հայտարարության առնչությամբ։

Ուստի, լիազորված եմ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի կողմից պահանջել Նիկոլ Փաշինյանից անհապաղ հրապարակել իր կողմից մատնանշված փաստաթուղթը՝ այն հանգամանալից հետազոտելու, անհրաժեշտ հետևություններ անելու և ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ միջոցառումների ծրագիր մշակելու համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կեղծ և շեղող օրակարգերի հաստատումը եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ոճն ու ձեռագիրը, հայտարարում եմ, որ գոյություն չունի որևէ խոչընդոտ այն հրապարակելու համար, և որևէ հիմնավորմամբ այն չհրապարակելու դեպքում հետևությունը կլինի միայն մեկը. այդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի և Նիկոլ Փաշինյանը ուղղակի հավատարիմ է մնում իր ոճին և ձեռագրին։

Եթե այն իրականում գոյություն ունի և իր բովանդակությամբ հանդիսանում է արժեքավոր փաստաթուղթ, հայտնում ենք մեր պատրաստակամությունը աջակցել և օժանդակել ՀՀ կառավարությանը երկրում առկա ինստիտուցիոնալ ճգնաժամը արագ հաղթահարելու համար»։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետն ուղիղ եթերում ամփոփել էր իր արձակուդրը,նշել, որ հասցրել է վերընթերցել 2014թ.-ին՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կազմված գաղտնի փաստաթուղթը, որին առաջին անգամ ծանոթացել էր մի քանի ամիս առաջ, սակայն որոշել էր հրատապ հետևություններ չանել և ուսումնասիրել արձակուրդի ժամանակ:

Ըստ նրա՝ հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով նաև հետո մեր երկիրը գտնվում է  ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, և մեր պետությունը ինստիտուցիոնալ առումով ամբողջովին ձախողված է: