Հրատապ լուրեր:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


, | Հրապարակվել է: 03:48 PM, August 17, 2019

IMG

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ կապանցիներ 

Սյունիքի մարզկենտրոնն այսօր նշում է իր տոնը, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ 
Կապանի օրը տոն է ե՛ւ այստեղ ծնվածների, ե՛ւ նրանց համար, ովքեր ապրում ու աշխատում են այստեղ՝ նպաստ բերելով նրա շարունակական զարգացմանը։ 

Քաղաքն՝ իր պատմությամբ, ավանդույթներով, ձեռքբերումներով ու ապագային միտված ծրագրերով կերտում են  իր բնակիչները, ուստի, ձեր սերն ու ջերմությունը նրա հանդեպ թող օգնեն լիարժեք դարձնելու այս տոնը։ 

Կապանը, որը հերոսական դասեր տալով անցել ու վերապրել է պատերազմ, բուժել իր վերքերը, սկսել նոր ծնունդ ու առաջընթաց, օր օրի առավել կանչող է դառնում, եւ  արագ փոփոխվող մեր աշխարհում, մաղթում եմ, որ քաղաքն այդ ճանապարհին արդիականի հետ մեկտեղ  պահպանի լավագույն արժեքներն ու ավանդույթները, համատեղվեն ավագ սերնդի աշխատասիրությունը, փորձն ու պրոֆեսիոնալիզմը եւ երիտասարդների պրպտող ակտիվությունը, եռանդն ու առաջադեմ նորարարությունը։ 

Ամեն բնակավայրի առանձին պատմություններից է կերտվում  Հայոց  միասնական  պատմությունը, որում միշտ իր ուրույն դերն ու տեղն է ունեցել Կապանը՝ այսօր էլ  մնալով անառիկ ամրոց՝ հայոց սահմանի համար եւ հենասյուներից մեկը երկրի տնտեսության համար։ 

Շնորհակալությո՛ւն բոլոր նրանց, ովքեր ամուր  պահելով այս հողը՝ փոխանցել են ներկաներին, նրանց, ովքեր կառուցել են արդեն ներկայիս քաղաքը, ովքեր շարունակում են հաստատուն ապրել, արարել այստեղ ու ստեղծել իրենց զավակների ապագան։ 

Իսկ Կապանի կյանքում ամեն դրական փոփոխություն պիտի լինի բոլորիս համատեղ ջանքով, նվիրվածությամբ ու սիրով։

Թո՛ղ որ հետագայում՝ ամեն տարի քաղաքի օրը նշելիս՝ Կապանն ու նրա բնակիչները հպարտանալու նոր առիթներ ունենան՝ գրանցված ձեռքբերումների համար։ 

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սյունյաց մարզկենտրոնի  տոնը՝ բարօրություն, խաղաղություն  ու սեր եմ մաղթում բոլորիդ օջախներին ու միասնական տանը՝ Կապանին։