Հրատապ լուրեր:

Երերուն աչքերիս տակ թաքուն ժպտում էի աշխարհին՝ բարեւ սկիզբ


Արթուր Հայրապետյան, | Հրապարակվել է: 06:25 PM, August 17, 2019

IMG

Այսօր լրացավ մեկ տարին: Երերուն աչքերիս տակ թաքուն ժպտում էի աշխարհին: Բարև, ասացի…
1.Այստեղ մարդիկ ապրում էին շուրջ հարյուր տարի: Խոսում էին անհասկանալի լեզվով, բուսակեր էին, տեսնում, լսում էին այն, ինչը իրենց ներսում էր կատարվում: Կույր գիշերը փոշու տակ էր առել քաղաքն ու գիտակցությունն առաջվա պես սթափ էր պահել իր խոր մտքից: Ազդարարվեց սկիզբը, մարդիկ իրար հետևից հանգիստ տեղավորվեցին` կողք կողքի, ետ ու առաջ… դահլիճը ցնցվեց շշմեցնող ծափահարություններից: 
1.Բարև, ասացի… վարագույրը բացվեց, նայեցի աշխարհին առաջինը մամա ասացի, հետո նոր բարև: Մանր քարերի, փոշու մեջ պառկած անմազ գլուխը շոշափում էր հողի խոնավությունը: Ես` պաղած աչքերով հետևում էի շունչը փչող թռչունին: Անգորական կատուն աչքերով հետևում էր, շփոթված նայում էր այս ու այն կողմ: Շփոթմունքը տևեց մի րոպե, հետո հասկացավ անելիքը: Երկու քայլ առաջ եկավ, բռնեց թռչունի գլխից` թռավ: Ես այդ ժամանակ դեռ հինգ տարեկան էի, որ չէր հասկանում շատ բաներ, բայց ես հասկանում էի, որ սպանել, մորթել, կողոպտելը վատ բաներ են, որ դանակի մեջ լիքը արյուն կա ու որ պետք չէ նման պատմության մեջ ընկնել երբևէ: Գիտակցում էի դեռ հինգ տարեկանում:  Դա այն սկիզբն էր, որը պատմություն անեցավ հետո ու ես ստիպված էի լինել, որովհետև ծնվել էի, գլխավերևումս տանիք կար, իսկ ետևումս` ապահով ընտանիք: ՈՒ բարև ասացի, նոր-նոր լեզու առած փոքրիկի համար մամա ասելը, դա արդեն ուրախություն էր: Դա ութսունական թվերն էր, երբ ես ծնվել էի ու ապականել աշխարհը իմ նոր մարդ ձևավորվելու հարցում: Ինչ վերաբերվում է մարդուն նա պետք է առջևի թաթերով ճանկռի փակ դուռը… որտեղ աշխարհում ինքը բնավ պետք է ու հավատա` ցանկալի: Ես, արդեն յոթ տարեկան էի, երբ մի սովորական օր տանը մեզ համար նստած, հանկարծ դուռը բացվեց ու երկու զինված դիմակավոր մարդիկ մեր տուն մտան, ամեն բան դադարեց խոսել, մտածել, մի ճիչ լսվեց … կրակոց, տարան հորս, մեր աչքերի առաջ, մեր մոտ օրը սպիտակի վրա մթնում ու սպիտակում էր: Այդ օրվանից հետո ես ամեն առավոտ արթնանում ու քնում եմ առանց լույսն ու խավարը տեսնելու, զգալու, ապրելու, շոշափելու: 
1.Այդպիսին էր սկիզբն… Բարև, ասացի…ու շարունակությունը դատարկ էր, սարսափելի մտքերով շրջափակված իրադարձությունների ընթացքը անաչք տրորում, կորցնում էր սկիզբը` պրպտող ժամանակը: Գիշերը` երազիս մեջ տեսնում էի ինձ հուզող, տանջող, լույսը, որ կանգնում էր հեռվում ու ժպտում էր թաքուն… ես հիվանդ էի, անուլ, անուս, որտեղ մարդու լեզվին դեմ տված դանակը կտրում, թաքցնում էր խոսքը: Աշխատում էի պղտոր մթության մեջ հերթապահել, կտավի վրա, հաջորդ օրվա համար խավար նկարել, որ չմարեր մութը: 
Անցավ կանգառը, սկիզբի համար այսքանն էր պատրաստել… շարունակությունը հաջորդ կյանքում: Այն ժամանակ մի հսկա ձեռք խարույկների լույսերի տակ ժանգոտած խավարի մեջ առավ սկիզբը` մարդուն, որտեղ մեռած էին երկնքում լուսերը: 
1.Առավոտը` հեքիաթ էր պատմում, մնացել էր նույն անշնորհակալ հիմարը: Գլուխս առա` եկեղեցի մտա: Ամեն բան ունայնության մեջ ինքնամաքրվում էր: Դատարկ էր եկեղեցին: Ձայնը գլուխս գցած երգում էի, ձայնս գնում խառնվում էր փողոցի աղմուկին ու հետ գալիս: Գլխիս ապտակ ստացա` քահանան երկար, անխնամ միրուքը դեմքին հագցրած սաստեց` գլուխս բռնած դուրս եկա… հասկացա. որ եկեղեցում առհասարակ չեն երգում, ավելին`ռոք չեն երգում… անցնում էին կանգ առ, կանգ առ օրերն ու շարունակվող գիշերները… հեքիաթը կիսատ էր մնացել հեքիաթասացի գլխում: Շարունակվեց պատմությունը… Այլև չտեսա հորս: Բացել էի պատուհանն ու առավոտվա թարմ օդն էի ներարկում արյանս մեջ, գլուխս իսկույն աշխատեց… չէի տեսնում, մեքենաների ձայնը խլացնում էին ականջներս: Օրը գլորվում էր ինքն իր գործի վրա էր, լուսանում, մթնում էր ու ավարտվում, ինչպես ամենասովորական կենդանի, ով գալիս իր առաքելությունն այս կյանքում կատարում է , ապականում աշխարհն ու իր նմանին` գնում: Ամեն բան մնում է նույն հարթության վրա` սպասելով: Ըստ էության մութ էր, փողոցը հանգստանում էր: Ես, կտավի առաջ կանգնած առավոտ էի ներկում, դիմացը` նոր բանի սկիզբ, ծնունդ, որտեղ մարդուն կփոխարիներ նոր միտքն ու նոր գաղափարներով մեկը` ինքն էլ իր հերթին կնորանար մոլորյալ փորձությունների քուրաներում: 
1.Բարևեցի, ինքս ինձ… պատասխան չստացա, մնացի ինքս ինձ հետ, ազնիվ, ինքս իմ առաջ ձեռնունայն…Երկնքից խեժահամ անձրևը թափվում էր բերանս, վետվետում էր կապույտը, մարդու աչք էր մտնում… թանձր ամպերը համբուրում էին պատուհաններն ու հեռանում: Պատմությունը շարունակվեց հետո… Ընկել էի պատուհանի ու տան արանքը… մոռացա սկիզբը, չկար, մոռացել էի մեռնող ու հարություն առնող պատմությունները, որ զարմացրել էր բնությանն ու իր մեջ առել սկիզբը…
1.Բարի օր ցանկացա մարդուն, աշխարհին ու ինձ: Հայելու մեջ արտացոլված հորս դեմքը մնացել էր սեղանին` շրջանակի վրա: Դարձյալ հրաժեշտ եմ տալիս, կրկին հանդիպելու պայմանով... այնքան մեծ ուժ կա անցյալի մեջ, որ այժմ կարող եմ խոստանալ քեզ, որ կգտնեմ սկիզբն ու կհայտարարեմ, որ միտքը հաստատուն է, իսկ դու գիտես նա քանի տարեկան է... պետք էլ չէ... Երկնքում մեռած, ընկած էր լուսինը... ես շոշափելով գտա անկողինս` պառկեցի: Քունը անսպասելիորեն վրա հասավ: Պատուհանից դուրս, թույլ, նվազ այգաբացը նշմարվում էր դեմքիս, այժմ գլխիս կանգնած սկիզբ էր նկարում... ես անշարժացել էի գիշերվա անկանոն ձայներից, այժմ դադարել էի ինքս ինձ լսել... Ես, անտարբերությամբ երես թեքեցի աշխարհից, կարծես ճարճատվում էր կտավը հայելու մեջ, չկար արտացոլանքը մարդու: Սկիզբը` տարօրինակ կերպով նման չէր աշխարհին: Երես թեքեցի աշխարհից... դիմագծերս նման էին աշխարհին:
1.Վարգույրը փակվեց… ներկայացումն ավարտվեց: Հրաժեշտի վերջին օրը, հայելու մեջ` հորս արտացոլանքի կողքին ավելացավ իմ դեմքը սեղանին` շրջանակի մեջ, մեղավոր աչքերիս տակ խորը քնով էի ընկել… ձեռքիս ժամացույցը մոռացավ վայրկյանները հաշվել… Այսօր լրացավ մեկ տարին… դահլիճը ցնցվեց ծափահարություններից: Այդպիսին էր սկիզբը մարդու` մտածկոտ ծափահարություններով ու կորցրած հիշողություններով, որ 
ուզում ես ետ գա, գունավորի ներկա ժամանակը… ձայն չհանեցի, գլուխս առա, դրեցի ճամպրուկի մեջ` ուղևորվեցի… ուղևորություն դեպի …1.ՍԿԻԶԲ...


Հատված "Սպասում" ժողովածույից