Հրատապ լուրեր:

Խաղողօրհնեք կամ Աստվածածնի Վերափոխման տոն


, | Հրապարակվել է: 08:54 AM, August 18, 2019

IMG

Այս տոնը տոնում ենք կիրակի օրը և ո՜չ մեկ այլ օր, ինչպես առաքյալներինըմարգարեներինն ու մարտիրոսներինը, և այս օրն առավելապես ենք պատվում, որովհետև մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալստյան խորհուրդն ունի, Ով բյուր հրեշտակներով ծածկաբար եկավ Իր պատվական և սուրբ ծնողի մոտ, որպեսզի պատվի հանգուցյալի մարմինը, ինչպես որ պատվեց կենդանության օրոք:
Տերն ավելի վաղ նրա մոտ էր առաքել Գաբրիել հրեշտակապետին, որպեսզի Կույսի հետ խոսի անճառելի Էության մասին: Իսկ այսօր ոչ թե անքննելին է պատմվում, այլ նույն Ինքն Անճառելին է երևում դեմ հանդիման, քանզի ծնվելիս հրեշտակներն էին սպասավորում Կույսին, իսկ փոխվելիս՝ Բանն Աստված՝ Իր զորքերով:

Աստվածամոր վերափոխման լուրը

 Պե՜տք է և արժա՜ն է իմանալ այն ամենը, ինչ պատահեց հետագայում ամենաօրհնյալ սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի հետ: Երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը:

 Երբ սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ Կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

 Ապա հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը: Ասաց նաև, որ Տիրուհին չի մնալու մահվան գավառում, քանզի անմահ կյանքի արժանացավ, վերջացան նրա չարչարանքներն ու լրացան տառապանքները, անցնելու են տրտմություններն, ու մոտ է ուրախությունը: Հանգիստը պատրաստ է, լույսի խորանը՝ կազմված, փառքի աթոռը՝ հարդարված: Արդ՝ պետք է գնալ ու հանգստանալ բազում չարչարանքներից և վայելել այն փառքը, որ աշխարհի ստեղծումից առաջ կար:

 Ապա, տասնչորս օր անց, կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին: Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում: Ապա, ևս տասներկու օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խորնարհվելով տիրածին Կույսի առջև՝ ասաց. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին», և նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի Դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը դա տեսնելով օրհնեն Աստծուն:

 Իսկ ամենասուրբ Կույս Մարիամը, երբ ստացավ իր երկինք փոխվելու ավետիսը և բրաբիոնի պսակը, գնաց Ձիթենյաց լեռը՝ աղոթելու, և բոլոր բույսերն ու տնկիները կրկին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան: Իր աղոթքում Աստվածածինն այսպես էր ասում. «Դու իմ Տեր Հիսուս և Որդի, Քո Հոր՝ Աստծու և իմ՝ Քո աղախին մոր, Տեր իմ Միածին, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որպեսզի Քեզ ավանդեմ իմ հոգին»: Այդժամ երկնքից մի ձայն նրան պատասխանեց. «Չեմ թողելու քեզ մայր Իմ, Տիրուհի, այլ կգամ քեզ մոտ և կկատարեմ քո խնդրանքը»:

 Երբ սուրբ Կույսը լսեց այդ խոսքը, անասելի բերկրանք ապրեց: Վերացավ նրա մարմնավոր տրտմությունը, ու հոգին լցվեց հոգևոր խնդությամբ: Ապա դարձավ իր տուն, կանչեց իր բոլոր դրացիներին, ազգակիցներին և այն սուրբ կույսերին, ովքեր իր հետ ժուժկալությամբ ճգնում էին, ու նրանց հանձնարարեց, որպեսզի վառեն բոլոր ջահերը և իր հետ լինեն երեք օր, և այդ օրերին նրանց շատ բաներ էր պատմում Աստծու մեծամեծ գործերի մասին:

 Երբ կույսերը լսեցին Աստվածածնի խոսքերը, թե փոխվելու է աշխարհից, սաստիկ խռովվեցին և արտասվելով մեկմեկու ասում էին. «Ո՜չ ոք մեզ չի լուսավորի, երբ զրկվենք այս պայծառ արեգակից, և երբ սպառվի այս անսպառ աղբյուրը, և մեր միջից վերցվի ամբողջ աշխարհի այս մխիթարիչը, ո՞վ կմխիթարի մեզ: Երբ վերանում են բերդաքաղաքի պարիսպները, քաղաքացիներից ոչ ոք այլևս չի ապրում այնտեղ»:

 Մինչ Աստվածամայրը խոսում էր նրանց հետ, եկավ նրա հոգևոր որդին՝ Հովհաննես ավետարանիչը, ով Քրիստոս էր քարոզում Երուսաղեմի մոտակա գյուղերում, և ողջունեց ու երկրպագեց իր մորը՝ սուրբ Կույս Մարիամին: Կույսն, ընդունելով Հովհաննեսի ողջույնը, ասաց. «Բարով եկար, որդիս, և սիրելին իմ Որդու»: Ապա Հովհաննեսը հարցրեց, թե ինչո՞ւ են մարդիկ տրտմության մեջ: Սրբուհին, զվարթ դեմքով և բերկրալի սրտով, նրան կարգով պատմեց հրեշտակի այցելության, իր փոխման մասին և մատնանշեց իր թաղման տեղը, որը լինելու էր Գեթսեմանիում: Երբ Հովհաննեսը լսեց այդ ամենը, սկսեց ողբալ, որ զրկվելու է իր հոգևոր մորից:

 Սուրբ Կույսը նրանց ասաց. «Աստծու Խոսքի ծառանե՜ր, լսե՜ք Տիրոջ աղախնին, քանզի ողորմելով ողորմեց ինձ իմ Տերը և հույժ գթաց: Հասել է իմ ժամանակն այս աշխարհից փոխվելու Նրա մոտ, Ում անձկալով ձգտում եմ, Ով նախկինում անմայր էր, սակայն Իր գթությամբ ինձ Իրեն մայր դարձրեց՝ առանց հոր: Արդ՝ դո՜ւք, դուստրե՜ր վերին Երուսաղեմի, լույսի՜ որդիներ և հավատի՜ ծնունդներ, քաջալրվե՜ք ձեր հույս Քրիստոսով, թոթափվե՜ք ձեր կյանքում սատանայի պատրանքներից, որ ամեն օր մարտնչում է Աստծու ծառաների դեմ, մի՜ թուլացեք ձեր ամենօրյա աղոթքներում և Աստծու շնորհներով պահպանված կլինեք»:

 Ապա սուրբ Կույսն աղոթքով խնդրում է Տիրոջից տեսնել առաքյալներին, քանի որ նրանք գնացել էին աշխարհի տարբեր ծայրերը՝ փրկության Ավետարանը քարոզելու:

 Այնուհետև Կույսը Հովհաննեսին խնդրեց մատուցել աստվածային պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննեսը Հիսուսի մայր Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելավ Վերնատուն և այնտեղ կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ լսվեց և Հովհաննեսին սկսեցին ձայնակցել սուրբ առաքյալները, որոնց Սուրբ Հոգին նույն պահին ժողովեց աշխարհի տարբեր ծայրերից: Վերնատանը Սուրբ Հոգու կանչով, ամպով հափշտակվելով՝ համագումար միաբանությամբ հավաքվեցին սրբազան առաքյալների դասերը՝ հրաժեշտ տալու Աստվածամորը, և նրանց հետ էլ յոթանասուներկուսը, յուրաքանչյուրն իրեն վիճակված վայրից: Սուրբ հաղորդության ավարտին՝ սուրբ պատարագի արձակման պահին, առաքյալները երկրպագեցին Աստվածամորը և տվեցին Հիսուսի ավանդած ողջույնը: Ապա ողջունեցին միմյանց սրբության համբույրով և օրհնեցին Աստծուն իրենց այդ զարմանահրաշ հավաքի համար: Առաքյալներն ինչպես Տիրոջը ճանապարհեցին, երբ Նա համբարձվեց, այդպես էլ պետք է Տիրամորը ճանապարհեին երկինք, ուր և մեզ է առաջնորդելու Տերը՝ ելնելու ու ժառանգելու մեր հայրենիքը, որ պատրաստված է սրբերի համար:

 Ապա առաքյալները մտան Աստվածամոր տունը, որը Վերնատան մոտ էր: Սուրբ Աստվածածինը նրանց ցույց տվեց այն բրաբիոնը, որն Եդեմի Դրախտից իրեն էր բերել Գաբրիելը, և հայտնեց իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում: Առաքյալները լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, նույնպես սկսեցին ողբալ: Աստվածամայրը նրանց ասաց, որ պետք չէ ողբով մթագնել իր ուրախությունը և պետք չէ մարդկորեն մտածել, այլ խնդրեց առաքյալներին, որ նրանք աղոթքներով ուղեկցեն իրեն, որպեսզի խաղաղությամբ անցնի խավարի իշխանության միջով և հասնի երկնային նավահանգիստ: