Հրատապ լուրեր:

Կառավարությունը 33 մլն 680 հզր դրամ տրամադրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին


, | Հրապարակվել է: 12:31 PM, August 22, 2019

IMG

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշեց, որ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդե­գրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը:

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որոնց կողմից նշված գործունեության համար նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար առաջարկվում է 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 9 ամսում վարչապետի աշխատակազմին հատկացնել 33 միլիոն 680 հազար դրամ՝ վերոգրյալ կազմակերպություններին դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրելու նպատակով:

Վարչապետն այս նախագծի վերաբերյալ նշեց.«Ինչպես հայտարարել եմ՝ Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում եմ, որ ՀՀ-ն պետք է հավելյալ աջակցի, որ երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը»,-ասաց նա և նշեց, որ այս որոշումը այդ միջոցառումների շրջանակներում է: Նա նաև որոշումը աննախադեպ համարեց: