Հրատապ լուրեր:

«168 ժամ». Փաշինյանը սեղմել է օղակը իր և առաջին հերթին՝ երկրի շուրջ


, | Հրապարակվել է: 11:32 AM, September 03, 2019

IMG

«Նիկոլ Փաշինյանը դեռևս մեկ տարի առաջ՝ օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում իր հայտնի ելույթում հայտարարեց հայ-ռուսական աննախադեպ հումանիտար նախագծի մասին, որը հայ-ռուսական հարաբերությունները փոխադրելու է այլ մակարդակի։

«Խնդիրն այն է, որ, ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել։ Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է։ Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց, և կարող եմ միանշանակ ասել՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են»,- հայտարարել էր նա՝ ավելացնելով, որ համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո բոլորը կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար մի նախագծի մասին, որն աննախադեպ է նորանկախ պատմության մեջ:

«Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել»,- հավելել է նա։

Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ՝ որն է այդ աննախադեպ նախագիծը։ Հայաստանը Սիրիայում հումանիտար առաքելություն կիրականացնի. «Պաշտպանության նախարարության մասնագետների խումբը Սիրիայում գործելու է Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո»,- սեպտեմբերի սկզբին հայտարարեց նա:

«Շուրջ 100 հոգի»,- հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Մի շարք վերլուծաբաններ, գործիչներ և հատկապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ահազանգում էին. «Հայկական զորախումբը Սիրիա գործուղելու փաշինյանական որոշումը ապօրինի է, չունի որևէ իրավական հիմնավորում և կարող էր արվել բացառապես նոր միջազգային պայմանագրի հիման վրա»:

Ու թեպետ օրվա ընդդիմադիր ուժերը՝ ՀՀԿ-ն և այլք,  դրա աշխարհաքաղաքական նպատակահարմարության հարցը չէին քննարկում` պատասխանատվությունը թողնելով օրվա իշխանության վրա, և նրանց քննադատության թիրախում բացառապես այն հակասահմանադրական մեխանիզմն էր, որով հայկական զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս սկսեցին ծառայություն իրականացնել, այնուհանդերձ Աշոտյանը  2019 թ. հոկտեմբերին նաև զգուշացնում էր.

«Վաղը չէ մյուս օրը, երբ Սիրիա զորախումբ ուղարկեք, այդ ժամանակ Եվրոպայի առջև այս հարցերով պատասխան ենք տալու միասին՝ անկախ նրանից՝ ես խորհրդարանում կլինե՞մ, թե ոչ։ Երբ այս ականները թողնում եք երկրի անվտանգության տակ, իրենք ինձ համար չեն, անհատական չեն։ Երկիրը պետք է անթերի ու անխոցելի լինի քաղաքական տեսակետից, հատկապես՝ աշխարհաքաղաքական այսօրվա իրավիճակում»։

Իշխանություններն ի պատասխան խնդրի շուրջ բարձրացված աղմուկի՝ այդ օրերին հայտարարեցին, թե հայկական կողմից հումանիտար առաքելությունը Սիրիայի կառավարության հրավերով է։ Չնայած իրավապայմանագրային հիմքերի հետ կապված լուրջ խնդիրներին, որոնց մասին ահազանգում էին շատերը, այնուամենայնիվ, այդպես էլ չներկայացվեց փաստական որևէ ուղերձ կամ խնդրանք՝ սիրիահայության կառույցների, Սիրիայի կառավարության կողմից՝ ՀՀ կառավարությանը պաշտոնական որևէ դիմում այնտեղ նմանատիպ գործողություն իրականացնելու մասին։ «Ծիծաղելի են կառավարության ջանքերը, փորձերը «ֆռցնել» հասարակությանը ևս մեկ անգամ՝ մեջբերելով 2001 թ. Հայաստանի և Սիրիայի Պաշտպանության նախարարությունների միջև կնքած ինչ-որ համաձայնագիր»,- Աշոտյանի այս հայտարարությանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է ստորաբաժանումը Սիրիա ուղարկվում Պաշտպանության նախարարության կողմից, այլ ոչ, օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, ասել էր.

«Մեկը պըտի՞ ուղարկեր…  Տենց ա որոշվել, որ ավելի հարմար էր: Քանի որ լոգիստիկ աջակցությունը ռուսական կողմն է արել, հիմա տենց ա ստացվել, որ հենց Պաշտպանության նախարարությունն ա ուղարկել»:

Ի դեպ, ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ մինչ այդ ասվում էր. «Օժանդակելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով նաև սիրիական կողմի գրավոր խնդրանքները»: Փաշինյանի մամուլի քարտուղարը, սակայն, ԶԼՄ-ների հետ զրույցում բոլորովին այլ բան էր ասել պահանջվող փաստաթղթի մասին. «Այս պահին դեռ չենք հրապարակել, քանի որ դա բանավոր մակարդակում է եղել»:

Ինչևէ, 2019 թ. փետրվարի 8-ին ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանեց Հալեպ:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն անմիջապես արձագանքեց՝ ընդգծելով, որ չի պաշտպանում Սիրիայում ՀՀ զինված ուժերի հետ ներգրավվածությունը:

«Չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», – ասված էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության խիստ հայտարարության մեջ։ Այդ օրերին Մոսկվայում հանդիպել էին նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. վերջինս շնորհակալություն էր հայտնել ՀՀ-ին՝ Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար:

Միջազգային փորձագետներից շատերը ևս ահազանգում էին՝ հայ մասնագետների մուտքը Սիրիա բազում վտանգներ է պարունակում, որևէ կերպ երաշխավորված չեն մեր զինվորականների իրավունքները Սիրիայում, հայկական զորախմբի միակ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է։ Հայկական համայնքային կառույցները թե՛ Սիրիայում, թե՛ Մերձավոր Արևելքի այլ երկրներում ի սկզբանե էլ խանդավառված չէին Փաշինյանի այս նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով իսլամական ահաբեկչության առկա վտանգները տարածաշրջանում:

Չնայած երկրի արտաքին մարտահրավերներին, անվտանգության խնդիրներին, ապօրինի որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանը զորախումբն ուղարկեց Սիրիա։ Նա չէր էլ թաքցնում, որ այդ ամենն անում է Ռուսաստանին, ավելի ստույգ՝ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին սիրաշահելու և նրա ջերմ վերաբերմունքին արժանանալու համար։ Շատերն էին հայ զինվորականների և հայկական սփյուռքի անվտանգության հաշվին Փաշինյանի՝ օրենքի շրջանցմամբ այս քայլը գնահատում՝ որպես ռևերանս, Մոսկվային հաճոյանալու ուղղակի քայլ, որով նա փորձում էր ուժեղացնել իր և իր իշխանության դիրքերը Ռուսաստանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: