Հրատապ լուրեր:

Վարչապետի մոտ քննարկվել են 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների նկատմամբ պետության ունեցած պարտավորությունների կատարման հարցեր


, | Հրապարակվել է: 11:45 AM, September 03, 2019

IMG

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում կայացնենք հետևյալի մասին. արդյոք այդ քաղաքացիների համար իրականացնո՞ւմ ենք բնակարանաշինական ծրագիր, թե՞ այդ քաղաքացիների համար բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) ենք թողարկում: Ինչո՞ւ ծագեց այս հարցը, որովհետև պարզվեց, որ դե յուրե արձանագրված պարտավորությունների կրողների մեծամասնությունը բնակվում է գյուղական համայնքներում, և բնակարանի գնման վկայագի՞ր, թե՞ շինարարություն հարցին պատասխան գտնելու համար մեզ անհրաժեշտ էր քարտեզագրել այդ քաղաքացիներին, պարզել, թե տվյալ համայնքում ինչ իրավիճակ է բնակարանային ֆոնդի և շուկայի առկայության իմաստով և այդ տրամաբանության մեջ էլ կայացնել որոշում։ Այս խնդիրը պետք է լուծեր Քաղաքաշինության կոմիտեն, որն այսօր մեզ պետք է տար տեղեկատվություն դրա վերաբերյալ: Եվ մենք պայմանավորվել էինք, որ այս խնդրի շուրջ որոշումներ կայացնելուց հետո պետք է անցնեինք արդեն հաջորդ փուլին, արձանագրեինք, հատկապես Գյումրիի, Վանաձորի և մնացած դեպքերում էլ հարցերին մոտենայինք քաղաքաշինական տրամաբանության տեսակետից և հասկանայինք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել՝ քաղաքաշինության զարգացման համար անհրաժեշտ տարածքները հենց այդ նպատակի ծառայեցմանը բերելու համար, որովհետև գոնե Գյումրիում գիտենք, որ կան բազմաթիվ տարածքներ, որոնք նախատեսված են այլ նպատակների, այլ քաղաքաշինական խնդիրների համար, բայց դրանք փաստացի տնակային ավանի կարգավիճակում են»։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչները զեկուցել են այս տարվա հունիս և հուլիս ամիսներին վարչապետի մոտ աղետի գոտու հիմնախնդիրների վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Նշվել է, որ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետարանների հետ քննարկվել և վերլուծվել է 453 ընտանիք շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը, շահառուները տարանջատված են ըստ բնակավայրերի. 453 ընտանիք շահառուից Լոռու մարզի գյուղական համայնքների 281 ընտանիքը տեղաբաշխված է 27 բնակավայրում, Շիրակի մարզի 148 ընտանիքը՝ 9 բնակավայրում և Արագածոտնի մարզի 24 ընտանիքը՝ 11 բնակավայրում: Աջակցության տրամադրման ձևի նախընտրությունը հասկանալու նպատակով մարզպետարանների հետ և շահառուների շրջանում անցկացվել է հարցում, ըստ որի՝ շահառուները հիմնականում հակված են այն մոտեցմանը, որ ԲԳՎ-ի համար նախատեսված գումարը տրամադրվի իրենց և իրենք որոշեն՝ ձեռք բերել բնակարան, կառուցել նոր տուն գյուղական բնակավայրում կամ ավարտին հասցնել երկրաշարժին հաջորդած տարիներին կառուցած կիսակառույցները:

Հարցի առնչությամբ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ հարցի համապարփակ լուծման, պետական աջակցության տրամադրման արդյունքում տնակներից հրաժարման, այդ նպատակով վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ և այլն: Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին կոնկրետ առաջարկություններ ներկայացնել աջակցության ձևերի նախընտրությունների և հետագա անելիքների վերաբերյալ:

Հաջորդ հարցով ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2019 թ. հուլիսի 25-ի որոշմամբ ստեղծված աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների (տնակների) վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի միջանկյալ հաշվետվությունը: Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է կատարված ուսումնասիրության արդյունքները. վերլուծվել են հավաքագրված տվյալները, երկրատեղեկատվական ծրագրային ապահովման միջոցով իրականացվել է գոտիավորում, մշակվել են մի շարք առաջարկություններ։

Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ աղետի գոտու բնակավայրերում առկա խնդիրներին պետք է մոտենալ փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ, և Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի տնակային ավանների հետ կապված անելիքները պետք է դիտարկել քաղաքաշինական տրամաբանության համատեքստում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այդ հարցի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ և որպես առաջին քայլ՝ ուսումնասիրել ընդհանրական մեխանիզմի կիրառման հնարավորությունները: