Հրատապ լուրեր:

«Ձեր դատարկ խոսքերով դուք գողացել եք իմ երազանքներն ու մանկությունը». ՄԱԿ-ի գագաթնաժողովում 16-ամյա աշակերտուհին հուզիչ ելույթ է ունեցել առաջնորդների առաջ. Թրամփն արձագանքել է


, | Հրապարակվել է: 03:10 PM, September 24, 2019

IMG

Շվեդ ակտիվիստուհի, 16-ամյա Գրետա Տունբերգը, որը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն է դարձել, ելույթ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների առաջ, որոնք հավաքվել են ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում, գրում է The Guardian-ը:

«Այս ամենը սխալ է: Ես այստեղ չպետք է լինեի: Ես պետք է դպրոցում լինեի՝ օվկիանոսի մյուս կողմում»,- հայտնել է 16-ամյա ակտիվիստն աշխարհի առաջնորդներին ուղղված հուզական ուղերձում:

Տունբերգը մեղադրել է պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:

«Ձեր դատարկ խոսքերով դուք գողացել եք իմ երազանքներն ու իմ մանկությունը: Մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են, էկոհամակարգերը ոչնչացվում են: Մենք զանգվածային ոչնչացման շեմին ենք, իսկ դուք միայն կարող եք խոսել փողերի և հավերժական տնտեսական աճի վերաբերյալ հեքիաթների մասին: Ինչպե՞ս եք համարձակվում»,- հայտնել է դեռահաս ակտիվիստը:

Տունբերգը հավելել է, որ ապագա սերունդներն ակնդետ հետևում են առաջնորդներին, և եթե նրանք ձախողեն, կարող են չակնկալել իրենց ներողամտությունը:

«Մենք թույլ չենք տա շրջանցել այս հարցը»,- ասել է ակտիվիստը:

Գրետան 15 այլ ակտիվիստների հետ միասին բողոք է ներկայացրել ՄԱԿ: Փաստաթղթում ակտիվիստները հայտարարում են, որ կլիմայի պահպանման ոլորտում իրենց անգործությամբ համաշխարհային առաջնորդները խախտում են երեխաների իրավունքները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մամուլին գագաթնաժողովից առաջ հայտնել էր. «Մեզ ժամանակ չի մնացել: Մենք պարտվում ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում»:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեգնական գրառմամբ «ծաղրել» է աշակերտուհուն:

«Շատ ուրախ աղջնակ է երևում, որն անհամբերությամբ սպասում է պայծառ ու գեղեցիկ ապագային: Ուստի հաճելի էր հանդիպել նրան»,- Twitter-ում գրել է Թրամփը: