Հրատապ լուրեր:

«168 ժամ». Ի՞նչ հարցեր կարող էին քննարկել խոշորագույն բուքմեյքերական ընկերության սեփականատերն ու վիճակախաղերի մասին նախագիծ ներկայացրած ԱԺ փոխխոսնակը


, | Հրապարակվել է: 04:12 PM, October 03, 2019

IMG

««168 ժամ»-ի տեղեկություններով՝ օրերս Երևանի ռեստորանային համալիրներից մեկում հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու գործարար, «Վիվառո գրուպ» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը:

Մենք փորձեցինք ԱԺ փոխխոսնակից ճշտել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, հատկապես, որ երեկ խորհրդարանը քննարկում էր պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, իսկ առաջին ընթերցումից հետո առաջարկված փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ դրանց մի մասն ընդունվել է:

Մենք մասնավորապես փորձեցինք ճշտել, թե արդյոք գործնական շահերի ընդհանրության համատեքստո՞ւմ է եղել այդ հանդիպումը, թե՞ ոչ:

«Առանց մեկնաբանության: Իմ անձնական կյանքը ոչ մեկին չի վերաբերում»,- չհերքելով մեր տեղեկությունը՝ կտրուկ արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակը:

Այլ հարցեր տալու հնարավորություն Ալեն Սիմոնյանը չի չտվել:

Եվ, այնուամենայնիվ, հետաքրքիր է, ի՞նչ հարցեր կարող էին քննարկել խոշորագույն բուքմեյքերական ընկերության սեփականատերն ու ԱԺ փոխխոսնակը, հատկապես, որ վերջինս վերոնշյալ նախագծի հեղինակներից է:

Մնում է միայն Ալեն Սիմոնյանին հիշեցնել, որ Եվրոպական դատարանի որոշումներով՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական կյանքը շատ քիչ է պաշտպանված, և եթե իրենց հանրային վայրում նկատել են, ապա դա չի կարող համարվել միջամտություն անձնական կյանքին, եթե վերջինիս հետ իր ընտանիքի անդամները չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: