Հրատապ լուրեր:

Ոստիկանություն․ Մարդու օրգանի ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել


, | Հրապարակվել է: 03:15 PM, October 07, 2019

IMG

Հայաստանի ոստիկանությունը հաղորդում է մարդու օրգանի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտման մասին:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ, ասված է հաղորդագրությունում: Վարչության ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու, նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Միջոցառումներին մասնակցել են նաև ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները։ Արդյունքում պարզվել է ներգրավված անձանց ինքնությունը։

Միջոցառման այդ փուլում սերտ համագործակցություն է ծավալվել նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ։ Դրա արդյունքում էլ պարզվել է, որ քաղաքացիներից մեկն իրոք ստացել էր եվրոպական երկիր մուտք գործելու արտոնագիր և մեկնել։ Այնտեղ փոխպատվաստման վիրահատության միջոցով վերցվել էր նրա օրգանը՝ երիկամը։ Նշված հանգամանքը հավաստվել է նաև նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված փորձագետի եզրակացությամբ։

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 125-րդ պրիմ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը։

Քրեական գործի շրջանակում տվյալ անձը հրավիրվել է ոստիկանություն և ցուցմունք տվել, որ իրոք երիկամի առուվաճառքի շուրջ խոսակցություններ է վարել այդպիսի առաջարկով իրեն դիմած մարդու հետ, նրա կազմակերպմամբ մի քանի անգամ մեկնել է եվրոպական տվյալ երկիր բժշկական հետազոտություն անցնելու: Ըստ ցուցմունքի, հերթական անգամ այդպիսի բժշկական հետազոտություն կազմակերպելու նպատակով իրեն տեղափոխել են եվրոպական երկիր և այնտեղ արդեն «օգտվելով տվյալ երկրի լեզվին չտիրապետելու, ինչպես նաև միայնակ այդտեղ գտնվելու հանգամանքներից, օգտագործելով նաև պարտքային կախվածության հետևանքով առաջացած վիճակի խոցելիությունը, առանց նրա վերջնական համաձայնությունը ստանալու՝ նրան ենթարկել են վիրահատության, ինչի միջոցով էլ վերցրել են երիկամը», ասված է հաղորդագրությունում:

Հանցագործությունում ներգրավված գրեթե բոլոր անձանց ինքնությունները պարզվել են, միջոցառումները շարունակվում են հանգամանքներն ամբողջովին պարզելու ուղղությամբ, հաղորդում է Ոստիկանությունը: