Հրատապ լուրեր:

Նոր ռեկորդակիրը Սևան քաղաքից


Սևանի համայնքապետարան, | Հրապարակվել է: 09:19 PM, October 11, 2019

IMG

Ռեկորդը սահմանված  է

Հոկտեմբերի 11-ի արևոտ օրը Սևանի երկաթգծի կայարանի` Հրազդան փողոցին հարող տարածք էր բերել բազմաթիվ սևանցիներին, քաղաքի հյուրերին, մարզաշխարհի ներկայացուցիչներին: 
Ինչպես և հայտարարվել էր նախապես, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիկ և մարզիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, մեր համաքաղաքացի Վարազդատ Հակոբյանը պատրաստվում էր սահմանելու նոր ռեկորդ: 
Վարազդատը փորձելու էր միջնամատով քաշել 23 տոննա կշիռ ունեցող գնացքը:  Ռեկորդի սահմանմանը մասնակցում էին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Սևան»-ի տեղամասի պետ Արտյոմ Սարգսյանը, Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը, ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը: 
Վարազդատը հաղթահարեց հերթական ռեկորդի սահմանման դժվարությունները, հաղթանակեց ինքն իրեն` 23 տոննա գնացքը քաշելով 3մ 57սմ տարածությամբ, և սահմանեց նոր ռեկորդ` արժանանալով ծափողջույնների և շնորհավորանքների: 
Ինչպես նշեց Վարազդատը, նա իր հերթական ռեկորդը նվիրեց Հայոց բանակին և սևանցիներին` չմոռանալով իր շնորհակալական խոսքերը հայտնել այն մարդկանց, ովքեր միշտ եղել են իր կողքին, քաջալերել իր հաղթանակները: 
Ռեկորդակրին շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը: 
Լավագույն ակնթարթներով հագեցած ռեկորդային օրն ամփոփվեց պարգևատրումներով: 
ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը շնորհակալագրեր հանձնեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Սևան»-ի տեղամասի պետ Արտյոմ Սարգսյանին` աջակցության, հովանավորության համար: