Հրատապ լուրեր:

Հր.Քոչարի փողոցում երկու տասնամյակ մայթ չկար. անցորդների ու բնակիչների սպասումներն իրականություն են


, | Հրապարակվել է: 04:05 PM, November 04, 2019

IMG

Երևանի Հր. Քոչարի փողոցի՝ երկու տասնամյակ սպասված մայթն իրականություն է դառնում: Աշխատանքի արդյունքներն արդեն տեսանելի են, շուտով քաղաքացիները հնարավորություն կունենան անվտանգ անցնել այդ հատվածով: Հր. Քոչարից դեպի Ն. Զարյան տանող՝ 450 մետր երկարությամբ մայթն անցնում է դպրոցին հարակից հատվածով, այն լուծելու է անվտանգ անցուդարձի կարևորագույն խնդիրը: Տարիներ շարունակ այդ հատվածում մայթի հաշվին կառուցվել են ավտոլվացման կետեր, ավտոսպասարկման խանութներ, և մարդիկ ստիպված անցնում էին փողոցի երթևեկելի հատվածով: Ու եթե այդ խանութների ու սպասարկման կետերի առջև կայանած են լինում ավտոմեքենաներ, ապա հետիոտնի անվտանգության խնդիրն ավելի սուր է դառնում:

Հր. Քոչարի մայթի կառուցման անհրաժեշտությունը կա արդեն 20 տարի: «Առնվազն զարմանալի է, որ մինչև այժմ որևէ մեկը ձեռնամուխ չի եղել մայթի կառուցմանը, որովհետև փողոցով անցուդարձ անող քաղաքացիներին վտանգելու ռիսկն ավելի մեծ է, քան այն գումարի չափը, որն անհրաժեշտ է մայթ կառուցելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Խնդիրը վարչական շրջանի ղեկավարի ուշադրության կենտրոնում հայտնվել է դեռ ձմռանը, երբ կատարվում էր Արաբկիրում հասարակական պահանջ ունեցող առաջնային խնդիրների գույքագրում: Շինարարական աշխատանքներին նախորդեցին տարածքի ուսումնասիրությունները՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, ՃՈ պաշտոնատար անձանց հետ, որից հետո սկսվեցին փաստաթղթավորման, նախագծանախահաշվարկային, մրցույթների հայտարարման և մի շարք այլ անհրաժեշտ գործընթացներ, որոնք, ի դեպ, ավելի ժամանակատար են, քան բուն շինարարական աշխատանքների ընթացքը:

Հայտարարված մրցույթի արդյունքում կառուցապատող ընկերությունը դարձավ «Լիլանարմ» ՍՊԸ-ն, որն իրականացնելու է մայթի կառուցման աշխատանքը 10 միլիոն 729 հազար 200 դրամով: Տեխհսկող կազմակերպությունը «ԻՐՏԻԳ» ՍՊԸ-ն է, որի ծառայության արժեքը 208 հազար 800 դրամ է: Նախագծման աշխատանքները իրականացվել են 1 միլիոն 500 հազար դրամով:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թ. սեպտեմբերի կեսին. Տարեվերջին 450 մետր երկարությամբ մայթն ամբողջությամբ պատրաստ կլինի:

«Ելնելով Հր. Քոչար փողոցի կառուցվածքից և այն հանգամանքից, որ տասնամյակների ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից մայթի համար նախատեսված տարածքը զավթվել է, իսկ որոշ դեպքերում դարձել օրինական սեփականություն, ի սկզբանե խնդիր է դրվել կառուցել մայթ, որը հետիոտնի համար ապահովելու է առաջին հերթին անվտանգ երթևեկություն: Եթե դրվեր առավել լայն և հարմարավետ մայթ կառուցելու խնդիրը,  գուցե գործընթացը տևեր տարիներ, որովհետև նախ անհրաժեշտ կլիներ հետ վերադարձնել քաղաքացիների կողմից գրավված տարածքները, իսկ դա ենթադրում է տևական դատական պրոցես»,- նշեց վարչական շրջանի ղեկավարը: Փողոցի հաշվին լայն մայթ կառուցելը խնդիրներ կստեղծեր առանց այն էլ խիտ երթևեկության համար: Մայթի կառուցումն առայժմ հնարավոր էր փողոցի միայն մի կողմից, ուստի առավել նպատակահարմար էր կառուցել այն դպրոցին կից հատվածում: Մայթի լայնությունը 1,20 մետր է, սայլակներինը՝  80 սմ: Բացի այդ, նախկին մայթի առանձին հատվածներ տեղ-տեղ միանում են նոր մայթին և ստացվում է բավական լայն տարածություն՝ միմյանց զիջելու և անցուդարձի համար: Բոլոր ընդհատվող հատվածներում մայթն ունենալու է թեքահարթակներ: