Հրատապ լուրեր:

Առողջապահության նախկին փոխնախարարին առնչվող քրգործն ուղարկվել է դատարան. դատախազություն


, | Հրապարակվել է: 04:35 PM, November 04, 2019

IMG

ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալին առնչվող քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում են դատախազությունից։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Դ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Այսպես, նախկին փոխնախարարը այս տարվա հունվարից մինչև մարտի 30-ն ընդունել է ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրեն Ռ. Ա.-ի առաջարկը՝ նյութական առավելություն ստանալու դիմաց, վերջինիս օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր համակարգման բնագավառում որոշակի գործողություններ կատարելուն: Այսինքն՝ նպաստել է ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող` նշված կազմակերպության 2019թ. պետական ֆինանսավորումը 2018թ. բյուջեի համեմատ հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019թ. ընթացքում ֆինանսավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարների չափը չնվազեցնելուն, աշխատավարձային ու բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերների շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:

Նա, վերոնշյալ տնօրենի օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է նաև վերջինիս ղեկավարած կազմակերպության՝ ընթացիկ տարվա ֆինանսավորումը հնարավորինս քիչ կրճատելուն և միջոցներ է ձեռնարկել նշված կազմակերպության աշխատավարձային ու բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերների շրջանակներում փոփոխելու և վերաբաշխելու ուղղությամբ: Մարտի 30-ին Ա. Դ.-ն իր աշխատասենյակում Ռ. Ա.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը` 3.000 ԱՄՆ դոլար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը՝ առանձնապես խոշոր չափերով, Ռ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը: