Գազի ներքին սպառման գների վերանայում հնարավոր է. Տ. Ավինյան


, | Հրապարակվել է: 05:29 PM, January 30, 2019

IMG

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով` գազի ներքին սպառման գների վերանայում հնարավոր է: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության համաժողովին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Ավինյանը պատասխանեց այն հարցին, թե «Գազպրոմի» հետ բանակցությունները ի՞նչ փուլում են, ինչի՞ հաշվին է սուբսիդավորելու գազի գնի թանկացումը, որպեսզի սպառողի համար գազի սակագինը չբարձրանա:

«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը սպառողների համար և այդ կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին, տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման և կարծում եմ՝ կգտնենք կոնկրետ կետերը, որտեղ այդ վերանայումը հնարավոր է»,-ասաց նա:

Նա տեղեկացրեց, որ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են և հենց նոր տեղեկություններ լինեն՝ կտեղեկացնեն:

Ավինյանը անդրադարձավ նաև այն հարցին, թե հնարավո՞ր է պարգևավճարների հարցով իշխանությունները նոր օրենքի նախագիծ բերեն և նշեց, որ քաղծառության համակարգի վերանայման կարիք կա: «Բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնենք, բայց եթե ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցենք մասնավոր սեկտորին և սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կարդերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր»,-ասաց նա և նշեց, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ չեն եղել: