Հրատապ լուրեր:

«Հրապարակ». Իրար չհանդիպեցին. Փաշինյանը բացատրություն է պահանջել՝ ինչու են նախկիններն իր այցին զուգահեռ մեկնել Գերմանիա


, | Հրապարակվել է: 11:22 AM, February 02, 2019

IMG

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գերմանիա` ՀՀԿ-ի պատվիրակության (Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան) եւ իր «համաժամանակյա» այցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել, ավելին` ՀՀ ԱԳՆ-ից եւ Գերմանիայում ՀՀ դեսպանատնից բացատրություն է պահանջել, թե ինչու է այդպես ստացվել, որ իր այցին զուգահեռ նախկիններն էլ են մեկնել:

Բացատրել են, որ ՀՀԿ-ի այցը միջկուսակցական է, պետական մակարդակով չի կազմակերպվել, ուստի խոչընդոտելու որեւէ հնարավորություն իրենք չեն ունեցել:

Դժգոհությունը հատկապես առնչվել է նրան, որ հանրապետականները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի-անցուդարձի մասին տեղեկություններ են փոխանցել Բունդեստագի պատգամավորներին` մարդու իրավունքների, մամուլի ազատության, քրեական գործերի մասով, եւ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նրան հարցեր են ուղղվել թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված խնդիրների մասին, որոշ ոլորտներում ժողովրդավարությունից նահանջի մասով:

Ի դեպ, ՀՀԿ-ականները Գերմանիայից վերադարձել են այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Նրանք նույն հիմնադրամի հրավերով էին մեկնել Գերմանիա»: