Մենք կառավարության ողջ գործունեությունը պահելու ենք մեր խիստ հսկողության ներքո: Իշխան Սաղաթելյան


, | Հրապարակվել է: 01:52 PM, February 06, 2019

IMG

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։ – Ի՞նչ փոփոխություններ են լինելու ձեզ մոտ, թե՞ շարունակվելու է «Դաշնակցության» նախկին գործելաոճը։ – «Դաշնակցությունը» շարունակելու է իր քաղաքականությունը։ Ընդամենը մի քանի օր առաջ Ընդհանուր ժողովի հայտարարությունը եղել է։ Մենք մեր գծի մեջ ենք լինելու, իսկ որոշ մարտավարական քայլեր նոր իրավիճակում՝ հիմա իբրեւ արտախորհրդարանական ընդդիմություն, բնականաբար, մեր գործողություններում նոր թարմություն եւ փոփոխություններ կլինեն, բայց գիծը մեր նույնն է։ Առաջիկայում ավելի պարզ կդառնա դա։ – Դուք՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն, կարո՞ղ եք հակակշռել իշխանություններին։ – Իհարկե կարող ենք։ Մենք կառավարության ողջ գործունեությունը պահելու ենք մեր խիստ հսկողության ներքո։ Անխնա քննադատելու ենք կառավարությանը իր սխալների համար։ Այդ քննադատությունները լինելու են հիմնավորված, փաստարկված եւ նույնիսկ փաստաթղթավորված։ Այն ոլորտներում, որտեղ կանենք քննադատություններ, կներկայացնենք նաեւ այլընտրանքային առաջատարներ։ Այսինքն՝ ցույց կտանք, թե ինչպես ենք մենք պատկերացնում այդ խնդիրների լուծումները։ Մենք կառավարության ողջ աշխատանքը պահելու ենք մեր հսկողության տակ, հանդես ենք գալու համապատասխան քննադատություններով, ինչը պետք է անի յուրաքանչյուր նորմալ, սկզբունքային ընդդիմադիր ուժ։