Քուվեյթում զույգն ամուսնությունը գրանցելուց 3 րոպե անց ամուսնալուծվել է


, | Հրապարակվել է: 10:20 AM, February 07, 2019

IMG

Քուվեյթում գրանցվել է երկրի պատմության մեջ ամենակարճատև ամուսնությունը, որը տևել է ընդամենը 3 րոպե, գրում է Oddity Central-ը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարին: Զույգը գրանցել է ամուսնությունը և շենքից դուրս գալիս է եղել, երբ հարսնացուն պատահմամբ սայթաքել է: Նրան օգնելու փոխարեն փեսացուն կնոջը «հիմար» է անվանել: Երևում է՝ կինը չի կարողացել հանդուրժել նման վերաբերմունքը: Նա վերադարձել է ամուսնությունների գրանցման սենյակ և խնդրել համապատասխան պաշտոնյային տեղում լուծարել հենց նոր գրանցած ամուսնությունը, որից ընդամենը 3 րոպե էր անցել:

Q8 News-ի փոխանցմամբ՝ սա երկրում և հավանաբար նաև աշխարհում գրանցված ամենակարճատև ամուսնությունն է: Նման դեպք եղել է նաև Դուբայում, երբ զույգն ամուսնալուծվել է 15 րոպե անց, սակայն այս նոր ռեկորդը գերազանցելը, թերևս, հեշտ չի լինի:

Twitter սոցցանցի օգտատերերը կատակել են միջադեպի շուրջ և քննադատել զույգին՝ պաշտոնյայի ժամանակը վատնելու համար: Որոշ օգտատերեր էլ, սակայն, պաշտպանել են հարսնացուին՝ ասելով, որ նա միանգամայն ճիշտ է վարվել:


«Եթե փեսացուն ամուսնությունից րոպեներ անց վիրավորել է հարսնացուին, ապա Աստված գիտի, թե հետագայում ինչեր կարող էին պատահել»,- ասել են սոցկայքի օգտատերերը:

Որոշ մարդկանց մոտ կասկած է առաջացել, որ փեսացուի վիրավորանքը միայն պատրվակ է եղել և որ իրականում զույգը ցանկացել է օգտվել Քուվեյթի կառավարության՝ նորապսակ զույգերին տրամադրվող ֆինանսական օժանդակությունից: