Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ փաստաբանները դիմել են դատարան. ՌԴ զինծառայողին հանձնել ՀՀ իրավապահներին


ԳԱԼԱ, | Հրապարակվել է: 01:29 PM, February 11, 2019

IMG

Գյումրիում դաժանաբար սպանված Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի՝ դստեր շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան՝ բողոքարկելով քննիչի և դատախազության որոշումներն առ այն, որ կնոջ սպանության մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի զինծառայողը պետք է շարունակի պահվել ռազմաբազայում:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Տուժողի շահերը ներկայացնող գրասենյակը միջնորդություն էր ներկայացրել ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Սակայն քննչական մարմինը մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների այս միջնորդությունը: Այդ միջնորդությունը մերժելու որոշման դեմ ՀՔԱ-ն բողոք էր ներկայացրել դատախազություն և ստանալով նաև դատախազության մերժումը՝ այժմ որոշել են հայց ներկայացնել դատարան:

Արթուր Սաքունցն ասաց նաև, որ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձ ընդգրկված է որպես տուժող: Այդ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Սա նշանակում է, որ Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայողը ևս մեկին վնասվածքներ է պատճառել:

Մեր այն հարցին, թե ինչ վնասներ է հասցրել, ինչից է տուժել երկրորդ անձը, և ով է նա, արդյոք ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ ռազմաբազայի մեկ այլ զինծառայող, Արթուր Սաքունցն ասաց, որ մանրամասներ հաղորդել ինքը չի կարող, որովհետև այս ամենը նախաքննական նյութ է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդը, ում վնասել է զինծառայողը, ՀՀ քաղաքացի է, նա փորձել է օգնություն ցուցաբերել տուժած Ջուլիետա Ղուկասյանին:

Անկախ ամեն ինչից, ըստ Արթուր Սաքունցի, տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, և հանցագործություն իրականացրած անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ՀՀ տարածքում ՀՀ օրենքներով:

Քրիստինա Մկրտչյան