Հրատապ լուրեր:

ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահե Բուդումյանը ամփոփել է աշխատանքային տարին


ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահե Բուդումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝, | Հրապարակվել է: 01:46 PM, December 27, 2018

IMG

Սիրելի՛ ընկերներ, այս գրառմամբ ուզում եմ ամփոփել աշխատանքային տարին՝ ներկայացնելով ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչության ոլորտում իրականացված նշանակալի փոփոխությունները, միջոցառումներն ու ծրագրերը։

«Գրքերի գնման» ծրագրի շրջանակում 2019-ին ձեռք է բերվում և գրադարաններին է բաշխվում շուրջ 3300 միավոր նոր լույս տեսած, արժեքավոր գիրք։

«Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության» ծրագրի միջոցով հետազոտությունների, գրականության և գրաքննադատության 19 նախագծի տրվում է դրամաշնորհ։

«Ոչ պետական մամուլի» հրատարակում ծրագրով ֆինանսավորում է տրվում ազգային փոքրամասնությունների, գրական, մշակութային տպագիր և էլեկտրոնային 26 պարբերականի։ Գրական-մշակութային հանդեսների համար սահմանվել է հեղինակային հոնորարների պարտադիր պայման։ Բացառվել է քաղաքական մամուլի ֆինանսավորումը։

Պետպատվերով և աջակցությամբ հրատարակված շուրջ 80,000 միավոր կուտակված գրականություն բաշխվում է մարզային, համայնքային և դպրոցական գրադարաններին, մշակույթի կենտրոններին։

«Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով հայ գրականությունը արտերկրում հրատարակելու համար աջակցություն է ստանում 17 գիրք՝ անգլերեն, մակեդոներեն, շվեդերեն և այլ լեզուներով թարգմանելու համար։

Կրկնապատկվում է մշակույթի նախարարության մարզային գրադարանների համալրման բյուջեն, ինչը թույլ կտա գրադարաններին ձեռք բերել նոր գրքեր մի քանի օրինակներով։

Վերափոխվել է պետական ծրագրերով հրատարակված և ձեռք բերված գրքերի բաշխման կարգը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը։ Նոր կարգով կվերացվի 3 տարվա սահմանափակումը, որը թույլ չէր տալիս նոր գրքերը ժամանակին հասցնել գրադարաններին։

Երկար բանակցություններից հետո Շիրակի մարզային գրադարանին շահագործման է հանձնվել հայկական արտադրության առաջին «Բիբիլիոբուսը», որը Չինաստանի դեսպանատան, «Ա․ Ա․ Թրաքս» ընկերության և մշակույթի նախարարության համագործակցության արդյունքն է։ Ծրագրի արժեքը 60․000 ԱՄՆ դոլարից ավելին է։

Գրադարանավարի օրվա առթիվ անցկացվել է «Ճանապարհ գրքով» խորագիրը կրող ծրագիրը։ Ծրագրին այս տարի աննախադեպ թվով գրադարաններ են մասնակցել՝ 163, որոնցից 3-ը սփյուռքից։ Տեղի է ունեցել շուրջ 300 միջոցառում տարբեր քաղաքներում և համայնքներում։

«Մարդ կարդացող/Homօ Լegens» նախաձեռնության հետ համատեղ իրականացվել է «Մեր գրադարանը» խորագրով էսսեների մրցույթ, որի արդյունքում 5 հեղինակ ստացել են խրախուսական մրցանակ, որի միջոցով ձեռք են բերել գրքեր և հանձնել իրենց սիրելի գրադարաններին։

Տեղի է ունեցել Գրքի երևանյան 2-րդ փառատոնը, որը ներառում էր տասնյակից ավել գրքի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և միջոցառումներ։ Փառատոնին ներկայացված էին շուրջ 30 հրատարակչություն իրենց գրքերով և հանդեսներով։ Գրական մրցույթի «Պոեզիա» և «արձակ» անվանակարգերում 6 հեղինակ ստացել են դրամական մրցանակ։

2018-ին ՀՀ մշակույթի նախարարությունը մասնակցել է մի շարք միջազգային գրքի ցուցահանդես-փառատոնների, ներկայացնելով տեղական հրատարակչությունները և դրանց գրքերը, ինչպես նաև ժամանակակից հայ գրողներին։ Այդ թվում են՝ Ֆրանկֆուրտի, Մոսկվայի, Լայպցիգի, Թեհրանի, Աստանայի գրքի փառատոնները։

Նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ գրահրատարակչության ոլորտում իրականացվել են մի շարք գրական միջոցառումներ, շնորհանդեսներ, գիտաժողովներ և այլն, որոնք առանձին չեմ հիշատակում։

Այս ամենն անհնար կլիներ իրականացնել առանց մասնագիտական, ուժեղ ու նվիրված թիմի, որի բոլոր անդամներն իրենց դրսևորել են որպես սկզբունքային ու վստահելի աշխատակիցներ: Հատուկ շնորհակալություն նաև բոլորին, ովքեր այս կամ այն կերպ մասնակցել են ծրագրերի իրականացմանը, օգնել են խորհրդով կամ քննադատությամբ:

Երկրորդ հատուկ շնորհակալությունս ոլորտի բոլոր աշխատողներին. գրադարանների աշխատակիցներին, գրողներին, հրատարակիչներին, թարգմանիչներին, խմբագիրներին, ձևավորողներին ու նկարազարդողներին՝ իրենց աշխատանքի համար, նաև շնորհակալություն լրագրողներին այդ աշխատանքը լուսաբանելու համար:

Եվ ամենակարևորը. շնորհակալություն ընթերցողներին, ովքեր իմաստավորում են այս ամենը: