Հայաստանից Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելը փորձ էր՝ հարթելու ՌԴ իշխանության և Փաշինյանի միջև ծագած խնդիրները․ Արթուր Ղազինյան (տեսանյութ)


tert.am, | Հրապարակվել է: 07:04 PM, February 11, 2019

IMG

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի խոսքով՝ ցանկալի էր, որ կառավարության ծրագրում առավել չափելի լինեին նախանշված գործողությունները: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության գործողությունների ծրագիրն իր ներկայիս տեսքով ավելի շատ հիշեցնում է հայեցակարգ: «Ծրագիրը հայեցակարգից տարբերվում է կոնկրետ գործողություններով, ժամկետներով, չափելի ցուցանիշներով, որով հնարավոր կլինի հասկանալ, թե նախանշված միջոցառումները և նպատակները որքանով են հասել իրենց արդյունքին: Հետագայում դա հնարավորություն կտա գնահատել կառավարության արդյունավետությունը»,- ասաց նա՝ նկատելով, որ հրապարակված ծրագրում տեսանելի է, որ նման բաներ չկան, ընդամենը ցանկություններ են, հայեցակարգային մոտեցումներ, որոնք շատ նեղ և սահմանափակ հնարավորություններ են տալիս քննարկել և հետագայում նաև հաշվետվության կանչել կառավարությանն իրենց իսկ կողմից հռչակված ծրագրային դրույթները չկատարելու համար: Արթուր Ղազինյանը, անդրադառնալով կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածին, նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կառավարության ծրագիրը նախ քննարկվում է բարձր որակավորում ունեցող և քաղաքական նախասիրություններից զերծ փորձագետների հետ հանդիպումներում, հետո նոր մշակված ներկայացվում երկրի ղեկավարներին: Սակայն այս անգամ էլ, ինչպես վերջին 25-30 տարիների ընթացքում, նման բան չի եղել: «Իսկ դա առաջացնում է լուրջ խոչընդոտներ և ռիսկեր, որովհետև կառավարությունը, լինելով քաղաքական մարմին, կաշկանդված է քաղաքական որոշակի մանդատով և չի կարող իրեն թույլ տալ խնդիրներին տարբեր ռակուրսներից մոտենալ, ինչը որ կարող է անել փորձագիտական հանրույթը»,- ասաց նա: Արթուր Ղազինյանը նաև անդրադարձավ Հայաստանից Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելու թեմային: Նա նկատեց, որ դա կապված է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի հետ: «Դա փորձ էր ընդամենը հարթելու Ռուսաստանի իշխանության և Փաշինյանի միջև ծագած խնդիրները»,- ասաց նա՝ նկատելով, որ Սիրիայում զորախումբ անելու առաջարկ Ռուսաստանն արել էր ՀԱՊԿ անդամ մնացած երկրներին ևս, սակայն բոլորն էլ հրաժարվել են՝ հասկանալով, որ այնտեղ արտահայտված չեն իրենց ազգային և պետական շահերը: Մանրամասները՝ տեսանյութում: