Հրատապ լուրեր:

Թող ների ինձ իմ գործընկեր Հրաչ Հակոբյանը, ես չեմ կարող կողմ լինել այդ նախագծին


ԳԱԼԱ, | Հրապարակվել է: 10:53 AM, February 12, 2019

IMG

Թող ների ինձ իմ գործընկեր ու լավ ընկեր Հրաչ Հակոբյանը, բայց քանի դեռ նորմալ քննարկում չի ծավալվել, ու այնուամենայնիվ արդեն լայն շրջանառում է ստանում բույքմեյքերների գովազդների արգելքի մասին օրենքի նախագիծը, ես ասեմ, որ էս պահին իմ ունեցած հետևությունների արդյունքներով՝ ես չեմ կարող կողմ լինել էդ նախագծին:

Գուցե ինչ-որ բաներ բաց եմ թողել, գուցե քննարկենք ու ինչ-որ բաներ ինձ համար հասկանալի դառնան, բայց էս պահին իմ հետևությունները սրանք են. Հանրային կարծիքն այն մասին, թե արդյոք դուրեկան է այդ գովազդների առատությամբ փայլող կայքեր կարդալը, որպես միանշանակ հիմք չի կարող ընդունվել: Ես էլ եմ ասում՝ անդուր է: Բայց եթե հիմքը միայն դա է, ուրեմն եկեք խոսենք էդ գովազդային բլոկերի համար սահմանումներ տալուց: Թող դուրս չթռչեն, թող ծանր չլինեն, թող փոքր լինեն, հազար ու մի ուրիշ բան: Եթե հիմքը նաև այն է, որ մենք պայքարում ենք բույքմեյքերության դեմ՝ կհասկանամ:

Բայց եթե Ալեն Սիմոնյանը նախաձեռնում է բույքմեյքերական կետերի սահմանափակման նախագիծ (ինչին կողմ եմ, ի դեպ), բայց թողնում ենք այդ ընկերություններին օնլայն տիրույթում, ապա ինչու՞ ենք նույն տիրույթում խանգարում նրանց նոր մրցակցային դաշտ ձևավորել: Ի վերջո այդ ընկերություններն այդուհետև մոտիվացված են լինելու գովազդներ տեղադրել միայն օնլայն հարթակներում՝ դեպի իրենց ռեսուրսներ քլիքեր ապահովելու համար: Իսկ սա նշանակում է՝ գովազդային շուկայի ընդլայնում ու լրատվամիջոցների համար ֆինանսական անկախության ևս մի աստիճան նվաճելու հնարավորություն:

Գովազդն արգելելով՝ անում ենք հակառակը: Փակում ենք դեպի այդ ֆինանսական անկախություն տանող նեղ երդիկներից մեկը՝ հավելյալ բարդություններ ստեղծելով զանգվածային լրատվության միջոցների համար: Առավել ևս կարծում եմ, որ խաղադրույքային օնլայն հարթակների ու բուքմեյքերական կետերի վիճակագրականի համեմատությունը խոսելու է ի օգուտ առաջինների՝ տվյալ դեպքում նվազ վտանգավորության տեսակետից: Չնայած տվյալներին չեմ տիրապետում, ու գործընկերներս, վստահ եմ, կտրամադրեն: Սրանք այս պահին իմ միակ հետևություններն են, որոնցում չեմ բացառում, որ սխալվում եմ: Հույս ունեմ՝ առողջ բանավեճ կծավալենք:

Վահագն Թեւոսյան

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը»