Քանի որ ժողովուրդը ձեզ շատ է վստահում, ձեր ծրագիրն ավելի լակոնիկ լինելու համար գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք. Գ. Պետրոսյան


tert.am, | Հրապարակվել է: 05:47 PM, February 13, 2019

IMG

Երբ մենք ասում ենք՝ վիճակը վատ է, դա պետք չի հասկանալ, որ այդ վիճակը ձեզ է վերաբերում, այստեղ բոլորս գիտենք՝ ում շնորհիվ է այդ վիճակը վատ, մենք ասում ենք՝ վատ է, հասկացանք, բա ի՞նչ եք անելու դուք: Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկմանը իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով դահլիճում նստած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա նշեց, որ ինքը երեկ ասում էր, որ մանկավարժները ստանում են 120-ի փոխարեն 20 000 դրամ աշխատավարձ, որովհետև դրույթը վեց մասի են բաժանել: «120 հազարով ինչպե՞ս է դպրոցի դասատուն արժանապատիվ գոյություն ապահովելու»,-հարցրեց նա:

Վերջինս նշեց, թե վարչապետն ասում է, որ քաղաքացին թող հեղափոխություն անի, ոչ թե մենք: «Ինչպես դուք ասացիք, քաղաքացին իր հեղափոխությունն արել է, էլ ի՞նչ անի, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի սոված մարդը: Ասում եք՝ մարդը նախ պետք է իր գլխում հաղթահարի աղքատությունը, հետո նոր իրականում, կներեք, դուք հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում ասում եք՝ հեղափոխություն արեցիք, հիմա պայմանականորեն խնդրում եմ չանձնավորել, եթե ձեր քույրը կամ եղբայրը գա, ասի՝ աղքատ եմ, նման պատասխան կտա՞ք, ասեք, գրանցեք, գլխում հաղթահարեք, հետո իրականում տեսնենք հետո ի՞նչ կլինի»,-նշեց նա:  

ԲՀԿ պատգամավորը նշեց, որ Փաշինյանը շատ լավ պատասխանում է հարցերին, որովհետև իրազեկ ու գրագետ մարդ է: «Բայց այս երկու օրը դուք այստեղ ավելի շատ բան ասացիք, քան թե ձեր ծրագրում կա, է՜ էտ ամեն ինչն ասելու տեղը գրեիք: Հակառակ դեպքում, եթե մտածում եք, որ ծրագիրը շատ լակոնիկ լինի, և քանի որ ժողովուրդն իսկապես ձեզ շատ է ընդունում ու վստահում, և դա ընդունում եք, է՜, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք, ոչ մի ուրիշ բան չգրեիք»,-ասաց նա:

Նա նշեց, որ եթե քաղաքացին պետք է ինքն իրականացնի տնտեսական  հեղափոխություն, այդ դեպքում կառավարությունն ի՞նչ անի. «Այստեղ Կառավարության ծրագի՞ր ենք քննարկում, թե՞ քաղաքացիական պարտականությունների օրենսգրքի նախագիծը»,-նշեց նա:

Նա հավելեց, թե ասում են՝ բաներ կան, որ չեն գրել, բայց արել են: «Այո՛,  հնարավոր է չգրել ու անել, բայց հնարավոր է չէ՞ նաև չանել, որ շատ խոստումներ բանավոր ասվել են, բայց չի արվել, ինչո՞ւ չիրականացվեց արագաչափերը հանելու խոստումը, տեսանկարահանող սարքերը, կարմիր գծերը, չափեցիք, քանի որ միայն ասել եք»,-նշեց նա:

Վերջինս շեշտեց, որ իրենք ուզում են, որ այս կառավարությունը, որին աջակցել են, չկրկնի նախորդ կառավարությունների սխալները: «Այստեղ չկա մեկը, որ ցանկանա, որ այս կառավարությունը ձախողի: Իմ անձնական կարծիքն է, ձախողում են այն իշխանությունները, ում համար ընդդիմության ձայնը լսելի չի, իշխանության կործանման ճանապարհը սա է, լսելով երեկ ձեր երեկվա և այսօրվա պատասխաններից, ես ոնց որ սկսում եմ մի քիչ թերահավատ լինել, մի քիչ հաշվի առնելո՞ւ եք ընդդիմության ասածից, որ մենք էլ մի քիչ իրացված լինենք»,-եզրափակեց նա: