Միջնորդները հստակ ուղերձ են հղել, որ թույլ չեն տալու բանակցությունների գործող ձևաչափի և բովանդակային որևէ շեղում


Նորայր Նորիկյան, | Հրապարակվել է: 09:39 AM, March 10, 2019

IMG

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից այսօր տարածած հայտարարությունը բավականին ուշագրավ է և իր մեջ պարունակում է Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդ երկրների պատկերացումները, որոնք լրջորեն մտորելու տեղիք են տալիս:

Ըստ էության, հրապարակային ձևով հակամարտության կողմերին ծանուցվում է, թե Փաշինյանն ու Ալիևը որ կետից են սկսելու բանակցությունները, ինչպես նաև այն, թե բանակցությունները ինչպիսի սկզբունքների տրամաբանության լույսի ներքո են անցկացվելու:

Հրապարակված հայտարարության բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած բանակցություններն իրականացվել են այն փիլիոսոփայության լույսի ներքո, որ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:
Բացի այդ, բաց տեքստով նշված է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները հարցի կարգավորումը տեսնում են ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու, Արցախին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու,  Հայաստանը Արցախին կապող միջանցք ունենալու տեսքով, իսկ Արցախի  վերջնական իրավական կարգավիճակը հստակեցվելու է ապագայում:
Բացի այդ, բոլոր ներքին տեղահանված անձինք ու փախստականները պետք է ունենան բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք:

Թե այս ամենի վերաբերյալ իրականում ինչ դիրքորոշում է ունեցել Սերժ Սարգսյանը կամ հայկական կողմը, դժվար է ասել, բայց որ հրապարակված հայտարարությամբ համանախագահող երկրներն ուղղակիորեն գծել են ապագա բանակցությունների կարմիր գծերը, կարծես թե ակնհայտ է:
Այսինքն բաց տեքստով ասվում է, որ Փաշինյան-Ալիև բանակցությունները պետք է իրականացվեն վերը նշված պայմանների շրջանակներում:

Ազնիվ կլինի, որ Սերժ Սարգսյանը կամ նրա անունից խոսելու իրավասություն ունեցող անձը հրապարակային դիրքորոշում հայտնի այսօրվա հայտարարության կապակցությամբ՝ հստակ արձանագրելով, թե արդյո՞ք համաձայն են եղել նշված պայմանների հետ, թե՞ ոչ: 

Այդուհանդերձ, վերը նշված տեսակետը հիմնավորվում է նրանով, որ նույն հայտարարության մեջ միջնորդները բաց տեքստով կողմերին կոչ են անում զերծ մնալ հայտարարություններից ու քայլերից, որոնք ենթադրում են իրավիճակի էական փոփոխություններ, կամ նախապես վճռում են ապագա բանակցությունների ելքը, կամ դրանց համար նախապայմաններ են ստեղծում, առանց մյուս կողմի հետ համաձայնեցման միակողմանի փոփոխություններ են պահանջում գործող ձևաչափի համար, կամ ցույց են տալիս թշնամական ակտիվ գործողությունները վերսկսելու պատրաստակամություն:
Այլ կերպ ասած, միջնորդները հստակ ուղերձ են հղել, որ թույլ չեն տալու բանակցությունների գործող ձևաչափի և բովանդակային որևէ շեղում:

Վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ այս ձևաչափով հարցի լուծման դեպքով հակամարտության կողմերից որևէ մեկը չի ստանալու իր ուզածը, այսինքն չեն լինելու հաղթողներ ու պարտվողներ:

Այս իրադրության համատեքստում Հայաստանի իշխանությունները կանգնած են լրջագույն խնդրի առաջ. Կա՛մ պետք է փորձեն բեկում մտցնել բանակցություններում՝ այն համապատաասխանեցնելով իրենց հռետորաբանությանը, կա՛մ պետք է սրբագրեն այն՝ համապատասխանեցնելով այսօր արված հայտարարության բովանդակությանը՝ հրաժարվելով իրենց հռետորաբանությունից…
Կապրենք, կտեսնենք, թե ինչ է լինելու…